ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Իրազեկում աշակերտներին՝ փախստականների միջազգային օրվան ընդառաջ

2012-06-11

 

Ս/թ. հունիսի 7-ին Երևանի թիվ 30 ավագ դպրոցի աշակերտները հանդիպեցին Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի հետ: Հանդիպումն իրականացվեց փախստականների միջազգային օրվան նվիրված ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Ապագան քոնն է» ԲՍՀԿ-ի կողմից՝ ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ:

Ծրագրի շրջանակներում աշակերտները մասնակցել են նաև իրազեկման դասընթացների, որոնց ընթացքում ուսումնասիրել են փախստականի ու ապաստան հայցողների իրավական կարգավիճակները և նրանց իրավունքներն ու պարտականությունները:

Հանդիպման ընթացքում մասնակիցները հարցեր ուղղեցին Հայաստանում փախստականների իրավունքների և սոցիալական պայմանների վերաբերյալ: Պրն. Եգանյանը մանրամասն բացատրեց փախստականի և ապաստան հայցողի նմանություններն ու տարբերությունները, խոսվեց այն մասին, որ Ադրբեջանից բռնագաղթած փախստականների հոսքի տարիներին ՀՀ-ում դեռևս չկար օրենք փախստականների մասին, որը ստեղծվեց հետագայում բնական անհրաժեշտությունից ելնելով: Հանդիպման արդյունքում աշակերտները ստացան իրենց բոլոր հարցերի սպառիչ պատասխանները: