ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Մեդիայի դերը փախստականների պաշտպանության ոլորտում. քննարկում լրագրողների ու ոլորտի մասնագետների միջև

2018-10-08

Հայաստանյան տարբեր ԶԼՄ-ների ներկայաուցիչներ ոլորտի մասնագետների հետ քննարկեցին մեդիայի դերը փախստականների պաշտպանության ոլորտում՝ համանուն դասընթացի շրջանակում, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ)-ի և Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության և Մեդիանախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը դասընթացի բացման խոսքում կարևորեց ԶԼՄ-ների դերը ներկայում բոլորի կյանքում և փաստեց, որ լրատվությամբ սկսվում ու վերջանում է յուրաքանչյուրի օրը։ «Ապաստան հայցողների ու փախստականների պարագայում պետք է հաշվի առնել, որ նրանք խոցելի ու շատ զգայուն խումբ են. դրանք են բանալի բառերը»,-նկատեց նա՝ հավելելով, որ տեղեկատվությունը հավաստի, օբյեկտիվ և ճիշտ կներկայացվի պատասխանատու մարմինների հետ կայուն համագործակցության պայմաններում։ «Մենք բաց ենք համագործակցության համար»,-նշեց Դավթյանը։

 «Փախստականների հարցը թեժ թեմա է միշտ, հատկապես վերջին շրջանում ինտենսիվ հրապարակումներ կան այս ոլորտում, մասնավորապես սիսրիահայերի վերաբերյալ»,-փաստեց ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը՝ բարձր գնահատելով լրագրողների կողմից բարձրացվող խնդիրներն ու հատկապես առաջարկվող լուծումները։ «Ամենակարևորը, սակայն, «մի՛ վնասիր» սկզբունքն է, որ երբեմն խախտվում է այս ոլորտում. դրան հատուկ ուշադրություն պետք է դարձնենք»,-դասընթացի արդիականությունն ընդգծելով՝ շեշտեց նա։

«Շատ կարևոր է օգնել ճիշտ. օգնել՝ չոտնահարելով մարդու արժանապատվությունը»,-նշեց ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը՝ կարևորելով մեդիայի դերը բոլորի կյանքում և նրանց՝ հանրության իրազեկ պահելու կարևորագույն  առաքելությունը։