ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ ՓԳՀ եվրոպական բյուրոն բարձր է գնահատում Հայաստան-ՄԱԿ ՓԳՀ համագործակցությունը

2018-10-03

 

          «Համագործակցությունը Հայաստանի միգրացիոն ծառայության հետ հրաշալի է ու շատ արժեքավոր հենց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի համար»,- նշել է ՄԱԿ ՓԳՀ եվրոպական բյուրոյի տնօրեն Պասկալ Մորոն՝ իր, տնօրենի տեղակալ Անջելա Լի Ռոսսիի և ՏԿԶՆ ՄԾ պետ Արմեն Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ: Այս օրերին Արմեն Ղազարյանը Ժնևում է՝ մասնակցելու  հոկտեմբերի 1-ից 5-ը Ազգերի պալատում տեղի ունեցող ՄԱԿ ՓԳՀ Գործադիր կոմիտեի (ExCOM) հերթական 69-րդ նստաշրջանին:

Պ. Մորոն ավելացրեց նաև, որ օժանդակությունը ապաստանի համակարգի կատարելագործման հարցում լինելու է շարունակական: «Մենք պատրաստ ենք նոր կացարանի կահավորման հարցում ևս օժանդակություն ցուցաբերել»,-ասել է նա՝ նկատի ունենալով Աբովյան քաղաքում ապաստան հայցողների համար նախատեսված նոր կացարանի կառուցման աշխատանքները:

«Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ ՓԳՀ-ի օժանդակությունը ոլորտում տարբեր խնդիրների լուծման գործում»,-նշել է Ա. Ղազարյանը՝ միաժամանակ նշելով վերաբնակեցման հետ կապված խնդիրներն ու հույս հայտնելով, որ ՄԱԿ ՓԳՀ-ն կկարողանա կատարելագործել համակարգը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ապաստանին, ծրագրային համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր ևս:

Հարկ է նշել, որ Հայաստանը Գործադիր կոմիտեի լիիրավ անդամ է 2015թ. ի վեր:

ՄԱԿ ՓԳՀ Գործադիր կոմիտեն ստեղծվել է 1958թ. ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի որոշմամբ և պաշտոնապես սկսել է գործել 1959թ. հունվարի 1-ից։ Այն բաղկացած է ՄԱԿ-ի անդամ պետություններից, ինչպես նաև մասնագիտացված գործակալությունների անդամներից։ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչները ընտրվում են Խորհրդի կողմից աշխարհի տարբեր մասերից և այն պետությունների շարքից, որոնք շահագրգռվածություն և նվիրվածություն են ցուցաբերում փախստականների խնդիրների լուծման առնչությամբ։

Գործադիր կոմիտեն անցկացնում է մեկ տարեկան նստաշրջան՝ վերանայելու և հաստատելու ՄԱԿ ՓԳՀ ծրագրերը և բյուջեն, խորհրդատվություն տրամադրելու միջազգային պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաև քննարկելու մի շարք այլ հարցեր` ՄԱԿ ՓԳՀ, միջպետական և ոչ պետական գործընկերների հետ։