ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄԾ պատվիրակությունն այցելեց Վրաստանի ապաստան հայցողների տեղավորման կացարան

2018-10-01

      Երկօրյա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանն այցելեցին Վրաստանի Մարթկոպի ապաստան հայցողների տեղավորման կացարան: Կացարանի տնօրեն Նիկոլոզ Մաչավարիանին շրջայցի ընթացքում ծանոթացրեց կացարանի պայմաններին:

«Հայաստանում գործող կացարանի հնարավորությունները սահմանափակ են, և ներկայում աշխատանքներ են տարվում նոր կացարանի կառուցման նպատակով և, Վրաստանի փորձը այս առումով բավականին օգտակար է»,- նշեց Ա. Ղազարյանը։

Մարթկոպի կացարանը բաղկացած է տղամարդկանց, կանանց և ընդտանիքների համար նախատեսված երկու  առանձին մասնաշենքերից:  Նոր մասնաշենքը շահագործվում է 2016 թվականից և կառուցվել է ԱՄՆ կառավարության կողմից: Ներկայումս կացարանում գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է՝ մինչև ապաստանի հայցի քննության գործընթացի ավարտը:  

Այցին նախորդել էր Վրաստանի ներքին գործերի նախարության կազմում գտնվող Ապաստան հայցողների բաժնում կայացած հանդիպումը, որի ընթացքում բաժնի ղեկավար Իրակլի Լոմիդզեն և աշխատակիցները մանրամասն ներկայացրեցին բաժնի գործունեությունը, ապաստան հայցողների ընդունելության կարգը, նրանց հետ տարվող աշխատանքները՝ հաշվառումը, հարցազրույցը, ծագման երկրների մասին տեղեկությունների ստացումը և այլ հարցեր: 2018 թվականի սեպտեմբերի դրությամբ 506 ապաստան հայցողներ են դիմել` Եգիպտոսից, Իրաքից, Էրիթրեայից, Պակիստանից, Եմենից և այլ երկրներից: