ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Դանիական կողմը պատրաստ է աջակցել ու համագործակցել ՄԾ-ի հետ ռեադմիսիոն գործընթացներում

2018-09-24

        Հ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունը հյուրընկալեց Դանիայի արտաքին գործերի նախարարության միգրացիոն հարցերին առնչվող կառույցների ներկայացուցիչներին՝ միգրացիոն հարցերով  դեսպան Նիկոլայ Ռուջի գլխավորությամբ։

Վերջինս շնորհավորեց ՄԾ պետ Արմեն Ղազարյանին պաշտոնավարման եռամսյակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնեց աջակցելու միգրացիոն մի շարք գործընթացների ուղղությամբ:

Ա. Ղազարյանը ներկայացրեց Ծառայության գործունեության առանցքային ուղղություններն ու ոլորտի ընդհանուր միտումները, օրինակ՝ ապաստան հայցողների քանակի նկատելի աճը։ «Նոր ընդունարանի կառուցումը Աբովյան քաղաքում լավագույն լուծում կլինի ոչ միայն ապաստան հայցողների համար, այլ այլընտրանքային ռեսուրս կհանդիսանա նաև այլ դեպքերի համար»,-նշեց նա, որին ի պատասխան՝ դանիացի գործընկերները խոստացան քննարկել ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը։

«Ռեադմիսիոն համաձայնագրի իրականացման ճանապարհին ի հայտ եկող մարտահրավերներն ու բարդություններն են մեզ հետաքրքրում, մասնավորապես այն դեպքերը, երբ անձի ինքնությունն ու ազգությունը հաստատելը ձգձգվում է, անցնում կառույցից կառույց ու խնդրահարույց դառնում, օրինակ, անհրաժեշտ փաստաթղթերի պակասի պատճառով»,-Ն. Ռուջը՝ նպատակ ունենալով արձանագրելու գործընթացի այն օղակները, որտեղ Հայաստանին կարող է օգտակար լինել դանիական փորձառությունը։

Հյուրերը պատրաստակամություն հայտնեցին օր առաջ միանալու ռեադմիսիոն դեպքերի կառավարման էլեկտրոնային համակարգին, որը նախատեսվում է կիրառել արդեն մյուս տարվա սկզբից:  «Մենք իսկապես հետաքրքրված ենք գործընթացով և շատ ուրախ կլինենք աջակցելու ծրագրի իրականացման ուղղությամբ ցանկացած հարցով, քանի որ բարձր ենք գնահատում ներդրվելիք մեխանիզմների դերը ընդհանուր գործընթացի համակարգման համատեքստում»,-նշեց նախարարության միգրացիոն և քաղաքացիական հասարակության բաժնի ղեկավար Կլարա Յոհան Սիմոնսենը՝ վկայակոչելով նաև այլ երկրների՝ Պակիստանի, Շրի Լանկայի արդեն իսկ գործող համակարգերը ։

ՄԾ արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը վերադարձողների վերաինտեգրման հարցը որակեց որպես մարտահրավեր հայկական կողմի համար ռեադմիսիոն գործընթացի իրականացման ճանապարհին։ «Մասնավորապես վերադարձողների զբաղվածության  խնդիրն է առաջ գալիս հարկադիր վերադարձի պարագայում, որովհետև իրենք պետք է հոգան կացության ու մի շարք այլ խնդիրներ»,-նշեց նա։