ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միգրացիոն ծառայությունը կարևորում է ՄՄԿ-ի միգրացիոն ճգնաժամին արձագանքելուն ուղղված ծրագրի դերն ու շարունակականությունը

2018-07-19

     Երկրի սահմաններին զանգվածային ներգաղթի պայմաններում ստեղծվող արտակարգ իրավիճակներում գործելու պատրաստվածության գնահատումը Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) ուշադրության առանցքում է։

«Միգրացիոն ճգնաժամին արձագանքելու՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և սահմանապահների կարողությունների ուժեղացում» ծրագրի գնահատումն իրականացնելու նպատակով այսօր ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայություն էին հյուրընկալվել ՄՄԿ Հարավ-Արևելյան Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի և Կենտորնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի մոնիթորինգի և գնահատման Վիեննայի գրասենյակի մասնագետ Օքսանա Նազարչուկը։

Ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ նկարագրված իրավիճակում համակարգված գործելու պլանն առաջնահերթություն է, քանի որ Ծառայությունն է ապաստան հայցողների հաշվառման և նրանց կարգավիճակի տրամադրման լիազոր կառույցը։

«Գնահատման նպատակն է ուսումնասիրել ծրագրի արդյունավետությունը և ազդեցությունն այսօրվա դրությամբ, բացահայտել լավագույն փորձը հետագա գործողությունները սահմանելու նպատակով»,-ներկայացրեց Օք. Նազարչուկը։

Ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանն էլ ընդգծեց օրենքում որոշակի հստակեցումներ անելու անհրաժեշտությունը, մասնավորապես քանի հոգու ներգաղթն է որակվում որպես զանգվածային։ «Եթե 500 հոգի միաժամանակ հայտնվեն սահմանին, օրինակ, այն կարելի է զանգվածային համարել՝ հաշվի առնելով մեր բաժնի աշխատակիցների քանակի ու այդ հոսքը համակարգելու համար անհրաժեշտ ռեսուրսների հարաբերակցությունը»,-նշեց նա։