ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի դեսպանն ու Միգրացիոն ծայության պետը քննարկումներ ծավալեցին միգրացիոն հարցերի շուրջ

2018-07-18

       ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայություն ուղղվող ռեադմիսիոն հայցերի հարցում քանակապես առաջատարը 2016 թ-ից ի վեր Գերմանիան է։ Հայաստանում Գերմանիայի Արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն այսօր կայացած հանդիպման ընթացքում արձանագրեց ռեադմիսիոն հայցերին ընթացք տալու գործի առանձնահատկությունները։

«Վերաինտեգրման ուղղությամբ շատ ծրագրեր են իրականացվում Հայստանում, բայց ռեադմիսիոն համաձայնագրերի շրջանակներում վերադարձողների վերաինտեգրման առումով որոշակի մեխանիզմներ ու ընթացակարգեր ներդնելու կարիք կա»,-նշեց Ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Նա այս դաշտում համագործակցելու առաջարկ արեց դեսպանին՝ առանձնացնելով հատկապես խորհրդատվական, կարիքների բացահայտման, վերաինտեգրման և անհատական մոտեցման խնդիրները։

«Կարծում եմ՝ տնտեսական վերաինտեգրման, երկարաժամկետ զբաղվածության հարցն է ամենագործնական ու կարևոր քայլը»,-նկատեց դեսպանը՝ խոստանալով քայլեր ձեռնարկել բարձրացված խնդիրների ուղղությամբ։

          Կողմերը քննարկեցին նաև «Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգ»-ի ներդրման անհրաժեշտությունը, որն իրականություն կդառնա մինչև ընթացիկ տարվա ավարտը՝ «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի շրջանակում։ Այն կոչված է ժամանակակից և արդյունավետ լուծումներ տալու գործընթացի համակարգման հարցում՝ հնարավորություն ընձեռելով նաև ժամանակ ու այլ ռեսուրսներ խնայել։

Ծառայության պետն ընդգծեց նաև Գերմանիայի Դաշնության հետ ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման արձանագրության կնքումը՝ կարևոր անհրաժեշտություն որակելով այն։ ԵՄ-Հայաստան ռեադմիասիոն համաձայնագրի կիրարկման արձանագրության շուրջ բանակցություններ սկսելու առաջարկ հայկական կողմը հնչեցրել է ԵՄ-Հայաստան Ռեադմիսիոն հարցերով համատեղ կոմիտեի 4-րդ նիստի ընթացքում։

          Աբովյան քաղաքում ավելի քան 120 ապաստան հայցողների ընդունելու հնարավորությամբ նախատեսված կառույցի շինարարության ֆինանսավորման հարցը ևս կողմերի ուշադրությանն արժանացավ։

Մ. Քիսլերը բարձրաձայնված հարցերի ուղղությամբ շարունակական համագործակցություն և  գործնական արդյունքներ կանխորոշեց՝ երկու կառույցների միջև կայուն կապը պահպանելու և տեղեկատվության պարբերական փոխանցման ուղիով։