ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տաջիկստանի միգրացիոն կառույցի պատվիրակությունը ճանաչողական այցով Միգրացիոն ծառայությունում էր

2018-07-17

     Տաջիկստանի Հանրապետության աշխատանքի, միգրացիայի և զբաղվածության նախարարության միգրացիոն վարչության և ոլորտի այլ կառույցների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը՝ ճանաչողական այցով հյուրընկալվեցին Միգրացիոն ծառայություն։ Հայաստանում նրանց հյուրընկալող կազմակերպությունն էր Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամը:

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը հյուրերին ներկայացրեց կառույցի ստեղծման նախապատմությունը, անցած ուղին, ընթացիկ գործունեությունը և մարտահրավերները։

Տաջիկստանի Միգրացիոն վարչության ղեկավար Մահմադբեկով Մոյենշո Շոդմոնովիչը հետաքրքրվեց մասնավորապես միգրացիոն քաղաքականության մշակման և դրա մոնիթորինգային գործընթացներով, ինչպես նաև ներկայացրեց իրենց կառույցի աշխատանքը այլ պետությունների համապատասխան ստորաբաժանումների հետ։

«Մենք բարձր ենք գնահատում փորձի փոխանակումը ոլորտի գործընկեր կառույցների հետ»,-ընդգծեց նա։

Տաջիկստանի Հանրապետության աշխատանքի, միգրացիայի և զբաղվածության նախարարությունում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներգրավված փորձագետ, միգրացիոն քաղաքականության մասնագետ Ալեքսանդր Վեյը հետաքրքրվեց տարբեր երկրներից Հայաստան եկող փախստականների ինտեգրման ընթացքի տարբերություններից, որին ի պատասխան՝ Ծառայության պետը հետաքրքիր օրինաչափություններ նկարագրեց։

Աշխատանքային քննարկման ընթացքում հայկական կողմը ներկայացրեց ՌԴ մուտքի արգելքի հետ կապված Ծառայության կողմից տարվող աշխատանքները և վիճակագրությունը, ռեադմիսիոն համաձայնագրերի իրականացման հայկական փորձը, ինչպես նաև վերաինտեգրման հարցերով խորհրդատուն անդրադարձավ ՀՀ վերադարձող քաղաքացիների համար վերաինտեգրման «մեկ պատուհան» ծառայության աշխատանքներին։