ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Քննարկվեցին վերաինտեգրման հարցերով անհրաժեշտ աջակցության առաջնահերթություններն ու կարիքները

2018-07-13

       Նիդերլանդներից Հայաստան այցելած ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ)  պատվիրակությունն այսօր այցելեց ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայություն։

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը բարձր գանահատեց պատվիրակության այցը և դրա շրջանակում նաև անմիջապես միգրանտների հետ շփվելու հնարավորությունը։

«Մենք վերաինտեգրման տարբեր ասպեկտներում ինտենսիվ ուղղորդիչ խորհրդատվություն ենք տրամադրում ոչ միայն Նիդերլանդներից, այլ նաև այլ եվրոպական երկրներից վերադարձողներին, և չնայած վերադարձի յուրաքանչյուր դեպք յուրահատուկ է, շատ հետաքրքիր են տարբեր երկրների մասով կուտակվող փորձի օրինաչափությունները »,- նշեց պետն իր խոսքում։

ՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը Նիդերլանդների ՄՄԿ պատվիրակության ներկայությունը Հայաստանում ներկայացրեց որպես պատասխան այց, քանի որ իրենք վերաինտեգրման աջակցության վերաբերյալ հարցերով մի քանի անգամ արդեն հրավիրվել են այդ երկիր։

 «Մեր գոծընկերները  ոլորտային մոնիթորինգ անցկացնելու առաքելությամբ են Հայաստանում, եկել են բացահայտելու առաջնարհերթություններն ու գնահատելու կարիքները, որպեսզի կարողանանք վերադարձողներին աջակցել իրենց նոր կյանքը մեր երկրում հնարավորինս հարթ կազմակերպելու հարցում»,- նշեց Իլոնա Տեր-Մինասյանը՝ մասնավորեցնելով այդ ուղղությամբ տարվող աշխատանքների բարդությունը՝ ժամանակավոր կամ մշտական կացության ապահովման, աշխատանք գտնելու, առողջական ապահովագրություն կազմակերպելու և այլ հարցերով։

ՄՄԿ Նիդերլանդների աշխատակից Պիտր Մաասն էլ իր հերթին ներկայացրեց ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքի խնդրահարույց կետերն ու ներդրվող ջանքերը։ Նա նշեց, որ յուրաքանչյուր վերադարձողի համար 1000 եվրոյի սահմաններում իրականացվող աջակցություն է նախատեսվում։ «Իսկ եթե ընտանիքի հետ գործ ունենք, ապա գումարը բազմապատկվում է անդամների թվով»,-ասաց նա՝ ներկայացնելով սոցիալական, բժշկական և մասնավորապես զբաղվածություն ապահովելու կամ փոքր բիզնես հիմնելու ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։