ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ոլորտային մի շարք հիմնահարցեր՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և Միգրացիոն ծառայության համագործացության կենտրոնում

2018-06-20

    Ոլորտի առաջատար կազմակերպությունը` ՄԱԿ-ի միգրացիոն գործակալությունը, իր կարևորագույն աջակցությունը կշարունակի ցուցաբերել ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությանը, ինչպես միգրացիոն քաղաքականության մշակման և իրականացման ուղղությամբ, այնպես էլ տեխնիկական համագործակցության ձևաչափով միգրացիայի և կարողությունների հզորացման բնագավառում:

Այս մասին այսօր կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը՝ իր գոհունակությունը հայտնելով Միգրացիոն ծառայության նորանշանակ պետ Արմեն Ղազարյանի հետ համագործակցությունն սկսելու առիթով։

«Շատ կարևոր է համատեղ ուժերով սահմանել Հայաստանի միգրացիոն ոլորտի առաջնահերթությունները և փորձել հասնել դրանց արդյունավետ իրականացմանը»,- նշեց Իլոնա Տեր-Մինասյանը։

Ի պատասխան նրա դիտարկման Արմեն Ղազարյանը հավելեց,- «Միգրացիոն ծառայությունը բարձր է գնահատում ՄՄԿ շարունակական ընդգրկվածությունն ու օժանդակությունը Հայաստանի միգրացիոն ոլորտում և պատրաստակամ է առավել խորացնել համագործակցությունը»։

Երկու կառույցների ուշադրության կենտրոնում է լինելու «ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի» (ԳԱԾ) առանձին գործողությունների իրականացումը։ Մասնավորապես՝ աշխատանքներ են տարվելու  <<Միգրացիա և զարգացում>> միգրացիոն քաղաքականության նոր ուղղության, ինչպես նաև մարդկանց տեղաշարժերի և վերադարձի խնդիրների առնչությամբ:

Արմեն Ղազարյանը հատուկ ընդգծեց, որ շարունակելու են նախաձեռնությունները, որ մեկնարկել են ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության և ՄՄԿ Հարավարևելյան Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Վիեննայի տարածաշրջանային գրասենյակի միջև:

Ստեղծվելով 1951 թվականին ՄՄԿ-ը դարձել էր միգրացիայի ոլորտի առաջատար միջկառավարական կազմակերպությունը: Աշխարհով մեկ ծավալած իր կեսդարյա գործունեության արդյունքում կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերել ավելի քան 11 միլիոն միգրանտներին: Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է ՄՄԿ-ին 1993 թվականից և նույն թվականին ՄՄԿ-ն հիմնադրել է իր գրասենյակը Երևանում: Այն կազմված է հետևյալ ստորաբաժանումներից` Ծրագրերի մշակման և իրականացման բաժին, վարչա-ֆինանսական և վերաբնակեցումների բաժին: 2016թ-ի սեպտեմբերի 19-ին ՄՄԿ միացավ Միավորված ազգերի կազմակերպության համակարգին, առաջին անգամ ՄԱԿ-ին պաշտոնապես շնորհելով միգրացիոն հարցերով զբաղվելու հստակ մանդատ: Այսուհետ ՄԱԿ-ն ունի «ՄԱԿ-ի միգրացիոն կազմակերպություն»: