ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միգրացիայի կառավարման ոլորտում աջակցությունը Հայաստանին կշարունակվի նոր թափով

2018-06-20

 «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի շրջանակում գրանցված մի շարք նշանակալի ձեռքբերումները կհամալրվեն նոր արդյունքներով։ Համագործակցությունը  Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) և ՏԿԶՆ միգրացիոն ծառայության միջև շարունակվելու է։ Սա արձանագրեցին երկու կողմերն էլ այսօր տեղի ունեցած հանդիպման շրջանակներում։

«Շատ կարևոր եմ համարում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գործունեությունը Հայաստանում, մասնավորապես ՄԻԲՄԱ ծրագրի շրջանակներում արձանագրված ձեռքբերումները, և մեր աջակցությունն ենք ցուցաբերելու ծրագրի հետագա արդյունավետ իրականացման համար ևս»,- նշեց միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

«Լիահույս եմ, որ 2016թ-ից ի վեր Հայաստանում գործող ՄԻԲՄԱ ծրագրի շրջանակներում հաստատված գերազանց համագործակցությունը Միգրացիոն ծառայության հետ լինելու է շարունակական»,- նշեց ՄԻԲՄԱ ծրագրի ղեկավար Կարել Հոֆսթրան։

Արմեն Ղազարյանը վերահաստատեց, որ Ծրագիրը վճռորոշ դերակատարում է ունեցել Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակման գործում։ Միգրացիոն ծառայության պետը բարձր գնահատեց նաև ՄԻԲՄԱ ծրագրի օժանդակությամբ միջազգային փորձագետների աջակցությունը ՀՀ ընդլայնված միգրացիոն պրոֆիլի մշակման և ռեադմիսիոն կառավարման էլեկտրոնային համակարգի ստեղծմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև մի շարք   կարևոր գործողությունների իրականացումը։ Պարոն Հոֆստրան իր հերթին նշեց, որ առաջիկայում մեկնարկելու է  նոր վերադարձի ու վերաինտեգրմանն ուղղված ԵՄ ծրագիր, որն իրականացվելու է ԵՄ 15 անդամ երկրների կոնսորցիումի կողմից:

          Հիշեցնենք, որ ՄԻԲՄԱ ծրագիրը, որը մեկնարկել է Հայաստանում 2016 թ-ի ապրիլից, երկու հիմնական բաղադրիչ ունի՝ աջակցել և սատարել Հայաստանի Հանրապետության կողմից միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում գործադրվող ջանքերին՝ ԵՄ չափանիշներին համահունչ։ Ծրագիրն իրականացվում է ՄՔՄՄԿ-ի կողմից։ Ծրագրի գործընկերն է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զարգացման ծրագիրը։