ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ քարտուղարության նիստը ապաստան հայցողների և փախստականների վերաբերյալ

2018-04-08

 

         2018 թվականի ապրիլի 5-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ երկրների անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդին առընթեր գործող ապաստան հայցող անձանց և փախստականների հետ տարվող աշխատանքների մշտական աշխատանքային խմբի եզրափակիչ նիստը:

         Նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը, Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղրղզստանի և Տաջիկստանի Հանրապետությունների միգրացիայի հարցերով պետական կառույցների  ներկայացուցիչները:

Օրակարգի համաձայն մասնակիցները քննարկեցին Սիրիայից, Իրաքից, Լիբիայից, Եմենից և Աֆղանստանից ՀԱՊԿ անդամ երկրներ ապաստան հայցողների և փախստականների հնարավոր զանգվածային ներհոսքի հետ կապված իրավիճակի մոնիտորինգի արդյունքները: Այնուհետև լսեցին տեղեկություններ Տաջիկստանի Հանրապետության հետ Աֆղանստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև քննարկեցին աշխատանքային խմբի հետագա գործունեության նպատակահարմարության հարցը:

         Օրակարգում ներառված հարցերի քննարկման արդյունքում աշխատանքային խմբի կողմից ընդունվեց որոշում`

- Սիրիայից, Իրաքից, Լիբիայից, Եմենից և Աֆղանստանից ՀԱՊԿ անդամ երկրներ ապաստան հայցողների և փախստականների հնարավոր զանգվածային ներհոսքի հետ կապված իրավիճակի մոնիտորինգի արդյունքները ներկայացնել ՀԱՊԿ անդամ երկրների անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի անդամներին` սույն թվականի ապրիլի 26-ին Ղազախստանի Հանրապետության Ալմա-Աթա քաղաքում կայանալիք խորհրդի հերթական նիստում.

- Տաջիկստանի Հանրապետության հետ Աֆղանստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունն ընդունել ի գիտություն.

- ներկա փուլում ապաստան հայցողների և փախստականների  հարցերով միասնական տարածաշրջանային համակարգի ստեղծման անհնարինությամբ պայմա-նավորված, խորհրդի հերթական նիստում ներկայացնել աշխատանքային խմբի առաջարկությունը` նրա հետագա գործունեության ոչ նպատակահարմարության վերաբերյալ.

- պատրաստել և ՀԱՊԿ քարտուղարություն ուղարկել առաջարկություններ խորհրդի 2019 թվականի աշխատանքային պլանում ապաստան հայցողների և փախստականների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ միջոցառումներ նախատեսելու մասին: