ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Վերադարձի և վերաինտեգրման թեմայով աշխատանքային խմբի հանդիպում Բուլղարիայում

2017-12-19

 

      Ս.թ. դեկտեմբերի 13-15-ը Սոֆիայում (Բուլղարիա) ՀՀ ՏԿԶՆ ՄՊԾ արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը մասնակցեց Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) կողմից կազմակերպված Բուդապեշտյան գործընթացի շրջանակներում Սևծովյան և Մետաքսի ճանապարհի աշխատանքային խմբերի առաջին համատեղ հանդիպմանը` վերադարձի և վերաինտեգրման թեմայով:

Հանդիպման նպատակն էր ձևավորել Բուդապեշտյան գործընթացի երկրների համընդհանուր մոտեցումները վերադարձի և վերաինտեգրման ոլորտում, հաստատել աշխատանքային կապեր, ինչպես նաև բացահայտել տարածաշրջանային տեսանկյունից վերադարձի և վերաինտեգրման ոլորտում մարտահրավերներն ու այդ ուղղությամբ իրականացվելիք հնարավոր միջոցառումները:

Հանդիպումը բաղկացած էր չորս նիստերից, որոնք վերաբերվում էին վերադարձի գործընթացին, ռեադմիսիայի ընթացքում նույնականացման հարցերին, հակամարտությունների ու հետ կոնֆլիկտային իրավիճակներում մասսայական վերադարձին և վերաինտեգրման ռազմավարությունների հաստատմանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց ռեադմիսիոն համաձայնագրերի իրականացման հայաստանյան փորձը և վերադարձի ու վերաինտեգրման հարցերը` որպես ՀՀ կառավարության կողմից հաստատված 2017-2021թթ միգրացիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի առաջնահերթ ուղղություն:

Հանդիպման արդյունքում որոշվեց 2018թ-ին աշխատանքային խմբի երկրորդ հանդիպման անցկացման մասին, որի ընթացքում նախատեսվում է քննարկել և հնարավոր լուծումներ առաջարկել առաջին հանդիպման ընթացքում ձևավորված վերադարձի և վերաինտեգրման մարտահրավերների առաջարկների վերաբերյալ: