ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Կարևորագույն ծրագրի ներկայացում միջազգային կազմակերպություններին

2017-11-02

Ս.թ. նոյեմբերի 2-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանում տեղահանված անձանց և ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից վարվող աշխատանքերի մասին ճեպազրույց` դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների համար: Հանդիպման հիմնական բանախոսներ էին Քրիստոֆ Բիերվերտը` ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչը Հայաստանում, Իննա Բորիսովիչը` ՄԱԿ ՓԳՀ իրավական հարցերով աշխատակիցը,, Գագիկ Եգանյանը` ՀՀ ՏԶԿՆ ՄՊԾ պետը և Կարել Հոֆստրան` Հայաստանում ICMPD ծրագրի ղեկավարը:

Հանդիպմանը մասնակցում էին 2 տասնյակից ավել դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման կարևորագույն հարցերից էր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 100 հոգու համար նախատեսվող փախստականների (ապաստան հայցողների) ընդունման նոր կենտրոնի կառուցման նախագծային առաջարկի ներկայացումը, ինչպես նաև դրա կառուցման նպատակով հնարավոր աջակցության մասին իրազեկումը ներկաներին: ICMPD-ին արդեն մշակել է կենտրոնի շինարարության նախագծային նախահաշվարկը և ակնկալվում է շինարարությունը իրականացնել միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Կացարանի շինարարությունը նախատեսված է նաև ՀՀ կառավարության կողմից հաստատված “ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրում”: Այս հարցով մանրամասն հաղորդումներ ներկայացրեցին Գ. Եգանյանը և Կ. Հոֆստրան: