ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միգրացիոն հարցերով համագործակցության նոր ուղիներ Նիդերլանդների հետ

2017-10-20

2017 թվականի հոկտեմբերի 16-19-ը ՀՀ ՏԿԶՆ ՄՊԾ պատվիրակությունը այցելեց Նիդերլանդների  Թագավորության անվտանգության և արդարադատության նախարարության հայրենադարձության և վերադարձի ծառայություն` քննարկելու միգրացիոն ոլորտում համագործակցության ներկա վիճակը, առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները, ինչպես նաև առաջիկայում համագործակցության ընդլայնման ու խորացման հնարավորությունները: Այցի ընթացքում հանդիպումներ եղան Հայրենադարձության և վերադարձի ծառայության գլխավոր տնօրեն` տիկին Յանիտա Ռոբերսի, նույն ծառայության Միջազգային համագործակցության  հարցերով վարչության տնօրեն` պարոն Հանս Ֆաբերի, Եվրոպայի և ծրագրերի բաժնի պետ` պարոն Մարկո վան Գեդերնի և Ծառայության մյուս աշխատակիցների հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր գնահատվեց տարիներ ի վեր հաստատված սերտ և արդյունավետ համագործակցությունը: Պարոն Եգանյանի կողմից ներկայացվեց ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարություն և դրա արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրում տեղ գտած 3-րդ հիմնախնդիրը, որը վերաբերվում է Հայաստան վերադարձող քաղաքացիներին ցուցաբերվող վերաինտեգրման աջակցության արդյունավետության բարձրացմանը, և դրա իրականացման գործողություններն (5) ու  միջոցառումները (14): Ներկայացվեցին ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակում ստացվող հայցերի վիճակագրությունն ու ծրագրվող “Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի” ներդրման մասին տեղեկատվությունը: Քննարկվեց նաև առաջիկայում մեկնարկվելիք` վերադարձի և վերաինտեգրման հարցերով ԵՄ կողմից ֆինանսավորվող նոր ծրագիրը: Հայկական կողմից  նաև բարձրացվեցին համագործակցության նոր առաջարկներ, մասնավորապես ապաստան հայցողների համար նախատեսվող նոր կացարանի կառուցման հնարավոր աջակցությունը: 

Հանդիպմանը մասնակցում էին նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան` տիկին Ձ. Աղաջանյանը և դեսպանության աշխատակցիները: Այցի հաջորդ երկու օրերին հանդիպումներ և շրջայցեր եղան Նիդերլանդների  Թագավորության Թեր-Ապել քաղաքի ապաստան հայցողների ու վերադարձողների կացարանում և Էմեն քաղաքում գտնվող ընտանիքների համար նախատեսված կենտրոնում: