ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Գիտական ապացույցները և քաղաքականությունը» խորագրով ամառային դպրոց Սլովակիայում

2017-09-14

Ս.թ. սեպտեմբերի 6-8-ը ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը մասնակցեց Սենյեցում (Սլովակիայի Հանրապետություն) Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ժողովրդագրության գիտելիքի կենտրոնի (European Commission Knowledge Centre on Migration and Demography) և Սլովակիայի Գիտությունների Ակադեմիայի կողմից կազմակերպված  «Գիտական ապացույցները և քաղաքականությունը» խորագրով ամառային դպրոցին: Վերջինիս նպատակն էր հետազոտողների և քաղաքականության մշակողների կարողությունների հզորացումը` օգտագործելով գիտական ապացույցները (փաստերը) քաղաքականության մշակման գործընթացում:

Ամառային դպրոցը  կազմակերպվում էր արդեն երրորդ անգամ, և այս տարվա թեմատիկ ոլորտը վերաբերվում էր միգրացիայի և ժողովրդագրական փոփոխություններին Կենտրոնական ու Արևելաեվրոպական երկրներում: Ամառային դպրոցի ընթացքում քննարկվեցին միգրացիոն քաղաքականության մեջ գիտական փաստերի հավաքագրման և օգտագործման մարտահրավերները, ներկայացվեցին քաղաքականության մշակման ընթացքում տվյալներ կիրառելու նոր գործիքները (Dynamic Data Hub): Դասընթացի ընթացքում մասնակիցները նաև հնարավորություն ունեցան ունկնդրելու 9 տարբեր թեմաներով “վարպետության դասեր” (master classes), որոնք վերաբերվում էին միգրացիայի և զարգացման կապին միջդիսցիպլինար մոտեցմանը, պատմական փաստերի օգտագործմանը քաղաքականության մշակման մեջ, միգրացիոն և ժողովրդագրական հետազոտությունների կիրառմանը որոշումների կայացման գործընթացում և այլն: