ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ ՓԳՀ բարձրաստիճան պաշտոնիայի այցը ՄՊԾ

2017-02-24

    

 Ս.թ. փետրվարի 23-ին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը ընդունեց Հարավային Կովկասում ՄԱԿ ՓԳՀ տարածաշրջանային ներկայացուցիչ պարոն Յոհանես վան դեր Կլաուվին (նստավայրը` Թբիլիսի), ում ուղեկցում էին Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ պարոն Ք. Բիերվերթը և ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի աշխատակիցները:

 Պարոն Եգանյանը ողջունելով հյուրերին ներկայացրեց Ծառայության կառուցվածքն ու գործառույթները, մանրամասն անդրադառնալով Ծառայության կողմից միգրացիայի և ապաստանի ոլորտում իրականացվող քայլերին` ներառյալ քաղաքականության մշակման և ծառայությունների տրամադրման գործառույթներին: Ներկայացրեց նաև Հայաստանում ապաստան հայցողների վիճակագրությունը, վերջերս ՀՀ կառավարության կողմից ընդունված փախստականների և երկարաժամկեետ իմիգրանտների ինտեգրման հայեցակարգը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը: Բարձր գնահատվեց Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի և հայաստանյան գրասենյակի բացառիկ դերն ու  մեծ  ներդրումը Հայաստանում ապաստանի համակարգի կայացման գործընթացում: Առանձին քննարկման առարկա դարձավ ոլորտում առկա մարտահրավերների ներկայացումը` մասնավորապես ապաստան հայցողների համար նախատեսված նոր կացարանի շինարարությունը ՄԱԿ ՓԳՀ-ի օժանդակությամբ և ազգային անվտանգության ու ապաստանի տրամադրման հարցերի փոխադարձ առնչությունների ծանոթացումը:

 Իր հերթին պարոն Յոհանես վան դեր Կլաուվին էլ գոհունակությամբ նշեց Ծառայության և ՄԱԿ ՓԳՀ  հայաստանյան գրասենյակի միջև արդեն երկար տարիներ ի վեր հաստատված սերտ և արդյունավետ համագործակցության մասին: Նա բարձր գնահատեց Հայաստանում ապաստանի ոլորտում լուրջ ձեռքբերումները, որն էլ իր հերթին կարող է լավ օրինակ  հանդիսանալ այլ երկրների համար: Բարձրաստիճան հյուրը խոստացավ ուշադրության կենտրոնում պահել ոլորտի զարգացման առջև ծառացած մարտահրավերների լուծմանը օժանդակելը: