ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեի 67-րդ նստաշրջան

2016-10-05

    

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ՀՀ պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, մասնակցեց հոկտեմբերի 3-7-ը Ժնևում ընթացող ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեի 67-րդ նստաշրջանին։ Նստաշրջանին բացմանը խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, որին հաջորդեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի ելույթը։ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն իր ելույթում անդրադարձավ փախստականներին առնչվող գլոբալ մարտահրավերներին` ընդգծելով ՀՀ պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը Բարձր հանձնակատարի գրասենյակի հետ` տեղահանված անձանց կարիքները հոգալու և փախստականներին ու ապաստան հայցողներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։

Անդրադարձ կատարվեց ինչպես Ադրբեջանից գաղթած հայ փախստականների խնդրին, ովքեր Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով ստիպված էին լքել իրենց տները՝ դառնալով փախստականներ, այնպես էլ Սիրիայից փախստականների խնդրին` նշելով, որ Հայաստանը, ապաստան տրամադրելով ավելի քան 20 հազար փախստականների, բնակչության թվի հարաբերակցությամբ երրորդն է Եվրոպայում` Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում:

Արձագանքելով ՀՀ պատվիրակության ելույթին՝ Բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդին նշեց, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը շարունակելու է աջակցել տարածաշրջանում տեղահանված անձանց խնդիրների լուծմանը` կարևորելով ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը և աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: