ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Աշխատաժողով` <Փախստականների և ապաստանի մասին> ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ

2016-03-12

    

 ՀՀ Ազգային ժողովի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 16-ին և 17-ին <Փախստականների և ապաստանի մասին> ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ իրացեկման նպատակով սույն թվականի մարտի 10-ին <Կոնգրես> հյուրանոցում անցկացվեց աշխատաժողով, որին մասնակցում էին գերատեսչությունների, դատական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի  (ՄԱԿ ՓԳՀ) աշխատակիցները: 

 Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության պետ պարոն Գագիկ Եգանյանը և ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ պարոն Քրիստոֆ Բիերվիրթը:

 Գ.Եգանյանը խոսեց ապաստանի և փախստականների վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը եվրոպական չափանիշներին ներդաշնակեցնելու վերաբերյալ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության, կատարված փոփոխությունների կարևորության մասին:

 Ք.Բիերվիրթը կարևորեց ապաստան հայցողների և փախստականների իրավունքների շրջանակների ընդլայնմանն ուղղված փոփոխությունները` միջազգային կոնվենցիաներով պետության ստանձնած պարտավորությունների տեսանկյունից: 

 Առանձին ելույթներով ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության, ՄԱԿ ՓԳՀ-ի, <Առաքելություն Հայաստան> ՀԿ-ի և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցների կողմից մասնակիցներին ներկայացվեցին երկրի տարածքի և ապաստանի տրամադրման ընթացակարգերի հասանելիոււթյան առավել ամրապնդմանն ուղղված փոփոխությունները, ընթացակարգային երաշխիքների ամրապնդմանն ուղղված փոփոխությունները, պետական մարմինների իրավասություններին առնչվող փոփոխությունները, ապաստան հայցողների և փախստականների իրավունքների վերաբերյալ փոփոխությունները:

 Այնուհետև հարց-պատասխան ձևաչափով տեղի ունեցան քննարկումներ:  Արձանագրվեց ոլորտի օրենսդրական բարեփոխումների առաջընթացը: Նպատակահարմար գտնվեց փոփոխված օրենքի կիրարկումն ապահովող առաջիկայում մշակվելիք իրավական ակտերի նախագծերի մշակմանը ներգրավել բոլոր շահագրգիռ մարմիններին: