ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ապաստանի համակարգի կատարելագործմանն ուղղված տարածաշրջանային համաժողով Ստոկհոլմում

2015-12-18

    

2015 թվականի դեկտեմբերի 15-16-ը Ստոկհոլմում տեղի ունեցավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) <Ապաստանի համակարգերի որակի բարելավման նախաձեռնություն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում> ծրագրի 2-րդ փուլի 1-ին տարածաշրջանային համաժողովը:

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի ապաստանի հարցերով լիազոր մարմիններին, սահմանապահ ծառայություններին և դատարաններին` տարածաշրջանում գործող ապաստանի համակարգերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցում:

Համաժողովին Հայաստանից մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատակիցներ Սուսաննա Գրիգորյանը և Մարինե Անտոնյանը, ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանը և ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն Վահե Ենգիբարյանը:

Պ.Աղաբաբյանն իր ելույթում նշեց, որ ծրագրի 1-ին փուլի արդյունավետ   իրականացման արդյունքում Հայաստանում ապաստանի տրամադրման համակարգը կատարելագործվել է, ինչպես նաև ներկայացրեց ծրագրի 2-րդ փուլով նախատեսված աշխատանքները, ակնլալվող արդյունքները:

Կ.Մաթևոսյանը ներկայացրեց ապաստան հայցողների հայցադիմումների քննության վերաբերյալ դատական պրակտիկան:

Համաժողովի ընթացքում մասնակիցներն ունկնդրեցին միջազգային փորձա-գետների ելույթները` Սիրիայից և Աֆղանստանից զանգվածային արտագաղթի վերաբերյալ, Շվեդիայի միգրացիոն գործակալության, Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի ներկայացուցիչների ելույթները` զանգվածային ներհոսքի դեպքում պետական սահմանի հատման և ապաստանի տրամադրման ընթացակարգերի մասին, ինչպես նաև Շվեդիայի վերաքննիչ դատարանի դատավորի ելույթը` <Դատարանների դերը ապաստանի տրամադրման հարցերում> թեմայով: