ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ խորհրդակցություն, ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից մարդկային չափման ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարման հարցերով (Human dimension implementation meeting)

2015-10-02

    

 2015 թ.  սեպտեմբերի 21-ից  հոկտեմբերի 2-ը  Լեհաստանի  մայրաքաղաք  Վարշավայում  տեղի  ունեցավ  ԵԱՀԿ   խորհրդակցություն,  ԵԱՀԿ  անդամ պետությունների  կողմից մարդկային չափման ոլորտում ստանձնած պարտավորությունների   կատարման  հարցերով: Այս  միջոցառումը մարդու իրավունքների  և դեմոկրատիայի  խնդիրների  շուրջ  եվրոպայում  կազմակերպվող     խոշորագույն   միջոցառումն  է:

1998թ.-ից  սկսած, այն տեղի  է  ունենում  յուրաքանչյուր  տարի, անցնում  է    Վարշավայում, և  տևում  է    երկու շաբաթ:  Այստեղ  հավաքվում  են ԵԱՀԿ  անդամ պետությունների  կառավարությունների  և  նրանց   գործընկերների, քաղաքացիական հասարակության, ԵԱՀԿ  ներկայացուցչությունների, ԵԱՀԿ  այլ կառույցների  և  միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչները: 2014թ.-ին այս խորհրդակցությանը մասնակցելու  նպատակով  գրանցվել են  1234 ներկայացուցիչներ, ինչը  ռեկորդային թիվ է  միջոցառման  անցկացման  ամբողջ  պատմության ընթացքում:

Խորհրդակցությանը  երեք  օր` սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը  մասնակցեց նաև   ՀՀ ՏԿԱԻՆ  Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ  Իրինա  Դավթյանը:

Նշված  օրերի ընթացքում  քննարկվեցին  անձանց ազատ  տեղաշարժին, աշխատանքային  միգրանտներին, միգրանտների ինտեգրմանը, մարդկանց  առևտրին, փախստականներին  և տեղաշարժված  անձանց, ատելության հողի վրա  կատարվող  հանցագործությունների  դեմ պաքարին, խտրականությունից  արդյունավետ  պաշտպանության  ապահովման  խնդիրներին  առնչվող   մի ամբողջ  շարք  հարցեր :

Այս  խորհրդակցությունը  հարթակ  է   որ հնարավորություն  է  տալիս  անմիջականորեն ծանոթանալ  քննարկման դրված  խնդիրների   լուծման  շուրջ  ԵԱՀԿ  անդամ պետությունների  կողմից  ձեռնարկվող  քայլերին,   առկա հիմնախնդիրներին,  դրանց  լուծման հնարավոր  ուղիներին,  ինչպես  նաև  նշվածի  վերաբերյալ նույն  երկրների  քաղաքացիական հասարակության     մոտեցումներին: