ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Բուդապեշտյան գործընթացի շրջանակներում ավագ պաշտոնատար անձանց 22-րդ հանդիպումը

2014-12-17

    

 Ս/թ դեկտեմբերի 16-ին Ստամբուլում կայացավ Բուդապեշտյան գործընթացի շրջանակներում ավագ պաշտոնատար անձանց 22-րդ հանդիպումը, որին մասնակցում էին մոտ 30 երկրների և 8 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանից հանդիպմանը մասնակցում էր ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի միգրացիոն քաղաքականության բաժնի առաջատար մասնագետ Էդգար Խաչատրյանը:  

 Հանդիպումը նպատակ ուներ քննարկելու Բուդապեշտյան գործընթացի շրջանակներում իրականացվող գործողությունները և ուղենիշ մշակել ապագայի համար:  Հանդիպման ընթացքում ներկայացվեցին «Միգրացիայի շուրջ Մետաքսե ճանապարհի գործընկերություն» հռչակագրի իրականացմանն ուղղված 2014թ. կատարված աշխատանքները, առաջընթացի և եզրափակիչ զեկույցներ ներկայացվեցին միգրացիոն բնույթի տարբեր նախագծերի վերաբերյալ: 2014թ. կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Բուդապեշտյան գործընթացի աշխատանքային խմբերը նախագահող երկրների ներկայացուցիչները: Քննարկվեց աշխատանքային խմբերի հանդիպումների կառուցվածքային օպտիմալացման հարցը:

 Հանդիպման ավարտին մասնակից երկրների ներկայացուցիչները քննարկեցին 2015թ. աշխատանքային օրացույցը և ֆինանսական բնույթի հարցեր: