ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 18-ը միգրանտների միջազգային օրն է

2014-12-18

    

 Այսօր շուրջ 240 մլն անձ ամբողջ աշխարհում ապրում է իր քաղաքացիության երկրի սահմաններից դուրս: Կյանքին և ազատության վտանգի սպառնալիքի հրամայականը, ինչպես նաև ավելի լավ կենսապայմաններ ունենալու ձգտումը ստիպում են մարդկանց մեկնել իրենց հարազատ միջավայրից, տարանջատվել ընտանիքից ու հարազատներից՝ հայտնվելով նոր միջավայրում և փորձելով հաղթել բազում հիմնախնդիրներ (լեզվական, իրավական կարգավիճակի, ընդունող երկրի համակարգի հանդուրժողականության և այլն): Այս առումով միգրանտները դասվում են հասարակության ամենախոցելի ու անպաշտպան խավերի շարքին:

 ՄԱԿ-ի կողմից դեկտեմբերի 18-ը հռչակվել է միգրանտների միջազգային օր, և սա այն հիշատակի օրերից չէ, երբ շնորհավորանքներ են հնչում կամ բարեմաղթանքներ ասվում: Այս հիշատակի օրն ավելի շատ հասարակության ուշադրությունը մեծացնելու խորհուրդ ունի, կոչ է միգրանտի հանդեպ սրտացավ վերաբերմունքի:

 Ավանդույթ է դարձել այս օրը «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության կողմից կազմակերպվող միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ “Ճամպրուկ” լրագրողական մրցանակաբաշխությունը: Ոլորտի մասնագետներից և լրագրող-փորձագետներից կազմված ժյուրին ընտրեց մրցանակակիրներ հետևյալ անվանակարգերում` հեռուստահաղորդում, ռադիոհաղորդում, տպագիր և առցանց հոդված, մուլտիմեդիա նյութ: Հատուկ մրցանակներ տրամադրվեցին նաև հայաստանցիների վերադարձի և վերաինտեգրման մասին պատմությունների և անկանոն միգրացիայի վտանգների լուսաբանման համար:

 Ջերմորեն ողջունելով ներկաներին՝ ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը կարևորեց միգրանտների շահերի պաշտպանության տեսանկյունից նրանց իրազեկված լինելու հանգամանքը. անձինք մինչև մեկնելը պետք է իմանան ինչն ինչոց է, որտեղ են ավարտվում երազանքները և սկսվում իրողությունները:

 Շնորհավորելով բոլոր մասնակիցներին և մրցույթի հաղթողներին՝ պրն. Եգանյանը ցանկություն հայտնեց, որ այս մրցանակաբաշխության համար այսուհետ աշխատանքներ տարվեն պետական միջոցներով ֆինանսավորման ուղղությամբ, ինչը տեղի է ունեցել թրաֆիքինգի հարցերով լրագրողների նմանատիպ միջոցառման դեպքում: