ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Արևելյան գործընկերության շրջանակներում հանդիպում Վարշավայում

2014-11-10

    

  Ս/թ նոյեմբերի 6-7 Վարշավայում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության միգրացիայի և ապաստանի հարցերով հարթակի հերթական հանդիպումը, որի թեման աշխատանքային միգրացիան էր: Հանդիպմանը ՀՀ ՏԿՆ ՄՊԾ-ից մասնակցում էր աշխատակազմի միգրացիոն քաղաքականության բաժնի առաջատար մասնագետ Էդգար Խաչատրյանը: 

 Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու աշխատանքային միգրացիայի բնագավառում իրենց երկրների փորձը և ներկայացնելու ազգային օրենսդրությունը: Մասնավորապես, ներկայացվեցին միգրացիոն միտումները և քաղաքական դինամիկան Արևելյան գործընկերության երկրներում և ԵՄ-ում, աշխատանքային միգրացիայի իրավական հիմքերը, մասնակից երկրների կողմից ընդունված միգրացիոն սխեմաները և մոտեցումները, ինչպես նաև նշվեց միգրանտների սոցիալական ապահովության իրավունքի և պետական զբաղվածության գործակալությունների ու մասնավոր սեկտորի ներգրավվածության կարևորության մասին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը խոսեց աշխատանքային միգրացիայի ոլորտում ՀՀ-ում իրականացվող քաղաքականության վերաբերյալ:

 Միջոցառման մասնակիցների համար կազմակերպվեց ուսուցողական այց Մազովիեցկիե նահանգի վարչական գրասենյակ, որտեղ աշխատակիցները ծանոթացրին աշխատանքի թույլտվության, կացության իրավունքի և քաղաքացիության տրամադրման ընթացակարգերին: