ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Փակման կոնֆերանս

2014-11-06

    

 2014թ նոյեմբերի 4-ին կայացավ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի փակման պաշտոնական արարողությունը Էրեբունի պլազայի բիզնես կենտրոնում:  Միջոցառմանը մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ` Շվեդիայից և Լեհաստանից (ծրագիրն իրականացնող ԵՄ անդամ պետություններ), ՀՀ կառավարությունից, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից, դիվանագիտական ներկայացուցչություններից, այլ միջազգային և տեղական կազմակերպություններից:

 Ծրագիրը մեկնարկել է 2012թ.-ի օգոստոսի 7-ին և ավարտվել 2014թ.-ի նոյեմբերի 6-ին: Այն ֆինանսավորվել է ԵՄ կողմից, բյուջեն կազմել է մեկ միլիոն եվրո: Հիմնական շահառու է հանդիսացել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, այլ պետական մարմիններ: Ծրագրի գործունեությունը նպատակաուղղվել է ՀՀ միգրացիայի ոլորտի օրենսդրության մոտարկմանը ԵՄ միգրացիայի և ապաստանի հարցերի կառավարման օրենսդրությանը և լավագույն փորձին՝ Միգրացիոն պետական ծառայության ինստիտուցիոնալ համակարգի հզորացմանը՝ օրենսդրական բարեփոխումների, համագործակցության խթանման, ինչպես նաև հաղորդակցության ուժեղացման միջոցով:

 ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար պրն. Արտաշես Բախշյանը, Հայաստանի Հանրապետությունում ԵՄ Պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Շվեդիայի արդարադատության նախարարության դեսպան Էվա Օկերման-Բորյեն, Հայաստանում Լեհաստանի դեսպանության առաջին խորհրդական պրն Ռոբերտ Ռոկիցկին ողջույնի խոսք ասացին: «Ծրագրի շրջանակներում իրականացված որոշ գործողություններ հիմք են հանդիսացել մեր կառավարության կողմից ընդունած որոշումների համար, որոնցից հատկապես կցանկանայի առանձնացնել այն մեծ դերակատարումը, որ ծրագիրն ունեցել է 2014թ հուլիսին ՀՀ կառավարության կողմից հաստատված Գործողությունների ծրագրի մշակման հարցում, աջակցելով միգրացիան կանոնակարգող ՀՀ օրենսդրական դաշտի վերլուծության և բացերի վերհանման աշխատանքներին», ասաց պրն Արտաշես Բախշյանը: «Միգրացիան և շարժունակությունը այսօրվա ամենաորոշիչ հիմնահարցերն են: Դրանք պահանջում են նորարարություն, համագորակցություն և երկխոսություն՝ օգտվելու այն հնարավորություններից, որոնք միգրացիան ստեղծում է բոլորիս համար», նշեց տիկին Էվա Օկերմանը:  

Ծրագրի անդամ պետության ղեկավար պրն Քոննի Լարսոնը ներկայացրեց ծրագրերի արդյունքները: Համապատասխանաբար ապահովվել են հետևյալ արդյուքները. 

Բաղադրիչ 1.      

  • ՀՀ միգրացիայի և ապաստանի ոլորտը կարգավորող ՀՀ իրավական համակարգի վերլուծություն
  • Բացահայտվեցին ՀՀ օրենսդրության բացերը և ներկայացվեց վերլուծության հաշվետվությունը, որը ներառում էր առաջարկություններ
  • Մշակվեցին օրենսդրական փոփոխություններ՝ այդ առաջարկությունների հիման վրա       

Բաղադրիչ 2.  

  • Առաջարկվեցին կառուցվածքային բարեփոխումներ և գործիքներ՝ ուղղված ”Միգրացիոն պետական ծառայության համակարգման դերի և միգրացիայի ոլորտում գորոծող պետական մարմինների միջև համագորակցության հզորացմանը
  • Իրականացվեց և ներկայացվեց հետազոտություն՝ ժամանակավոր աշխատանքային ծրագրերի վերաբերյալ
  • Մշակվեցին ստուգաթերթեր ապաստանի ընթացակարգում որակի մեխանիզմների ապահովման համար  
  • Կազմակերպվեց երեք ուսումնական այց Բելգիա, Նիդեռլանդեր, և Շվեդիա  

Բաղադրիչ 3.  

  • Իրականացվեց Միգրացիոն պետական ծառայության տեղեկատվական կարիքների վերլուծություն
  • Իրականացվեց տվյալների մշակման և հաղորդակցության համակարգի ստեղծման իրագործելիության ուսումնասիրություն
  • Մշակվեց և ներկայացվեց միգրացիոն քաղաքականության զեկույցի կազմման մոդել
  • Իրականացվեց ուսումնական այց Շվեդիա

Ծրագրի ղեկավար Գագիկ Եգանյանը եզրափակեց ծրագրի արդյունքները: «Ծրագիրը հաջող էր իր բոլոր երեք բաղադրիչների արդյունքներով. օրենսդրական փոփոխություններ, միգրացիոն ոլորտում գործունեություն իրականացնող պետական մարմինների միջև համագորակցության հզորացում և միգրացիոն վիճակագրական հաշվետվություն մոդել», նշեց պրն պրն Եգանյանը:

Ծրագրի արդյունքների ներկայացումներին հաջորդեցին պանելային քննարկումները միգրացիոն հիմնահարցերի վերաբերյալ: