ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ղեկավար հանձնախմբի ամենամյա երկրորդ հանդիպում

2014-11-03

    

Ս/թ հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ղեկավար հանձնախմբի ամենամյա երկրորդ հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին Եվրոպական միության 6 անդամ պետությունների, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ինչպես նաև ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչներ: Հանդիպման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի (OFII) գլխավոր տնօրեն պրն Յանիկ Էմբերը, Միգրացիոն պետական ծառայության պետ պրն Գագիկ Եգանյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ պրն Խոսե Մարիա Մեդինա Նավարրոն:

 Ղեկավար հանձնախմբի ամենամյա երկրորդ հանդիպման նպատակն էր ներկայացնել ծրագրի իրականացման երկրորդ տարվա զարգացումները և քննարկել 2015թ.-ի ընդհանուր ռազմավարությունը: Ինչպես նշեց պրն Էմբերը, հանդիպումը լավ առիթ էր խոսելու ծրագրի ձեռքբերումների մասին և անդրադառնալ հետագա համագործակցության հնարավորություններին և կոնկրետ գործողություններին: Պրն Եգանյանը խոսեց ծրագրի մինչ այժմ արձանագրած հիմնական արդյունքների մասին, այդ թվում՝ Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնի հիմնումը, վերաինտեգրման հարցերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրող «Տունդարձ» և դեպի Հայաստան դրամական փոխանցումների կայքերի ստեղծումը:

 Ի լրումն,  հանդիպման ընթացքում ծրագրի 3 գործընկերները մասնակիցներին հակիրճ ներկայացրեցին ծրագրի հետ իրենց համագործակցությունը: Մասնավորապես, Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչը խոսեց սկսնակ գործարարներին տրամադրվող աջակցության մասին, ԱԼՏԵՌԱ-ի և «Սահման» ՀԿ-ի ներկայացուցիչները խոսեցին «Միգրացիայի կողմնացույց» հանրային իրազեկման արշավի և փոքր ջերմոցների կառուցման փոքր նախագծի մասին համապատասխանաբար:

 Բացի այդ, հանդիպման օրը՝ ավելի վաղ, Եվրոպական միության անդամ պետությունների փորձագետները հնարավորություն ունեցան այցելել Վերաինտեգրման ուղղորդման կենտրոն և ծանոթանալ կենտրոնի կողմից առաջարկվող ծառայություններին: