ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հայկական պատվիրակության այցը Դանիա

2014-09-16

    

Ս. թ.  սեպտեմբերի 8-ից սեպտեմբերի 12-ը Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի աջակցությամբ կազմակերպել էր ուսումնական այց Դանիա, որի նպատակն էր ուսումնասիրել այդ երկրում միգրացիայի կառավարման, ռեադմիսիայի և միջազգային պաշտպանության ոլորտում եղած փորձը: 

Այցելության ընթացքում հայկական պատվիրակության անդամները հանդիպումներ  ունեցան Դանիայի միգրացիոն հարցերով զբաղվող գերատեսչությունների, ինչպես նաև Դանիայում Հայաստանի դեսպանության հետ:

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության,  ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ արտաքին գործերի նախարարության և Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչներ:

Միգրացիոն պետական ծառայությունը ներկայացնում  էին ծառայության  աշխատակազմի  ղեկավար  Համբարձում Աբրահամյանը և  ապաստանի բաժնի առաջատար մասնագետ Անի Ղազարյանը:

Հանդիպումների ընթացքում պատվիրակությունը ծանոթացավ դանիական միգրացիոն մարմինների հետ Դանիայում Հայաստանի դեսպանության առնչություններին և կարիքներին, երրորդ երկրների քաղաքացիների նկատմամբ կիրառվող վիզային ռեժիմին, ապաստանի համակարգին, մերժում ստացած ապաստան հայցողների բողոքարկմանը, աշխատանքի թույլտվության ընթացակարգին, աշխատանքի ներգրավման առաջնահերթություններին,  օտարերկրացիների ինտեգրման մոդելին, մարդասիրական նկատառումներով կացության տրամադրման նախապայմաններին, ռեադմիսիայի պրակտիկ ասպեկտներին, կամավոր վերադարձի ծրագրերի բաղադրիչներին և այլն: Քննարկվեցին հիշատակված խնդիրներին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: