ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պայքարը անկանոն միգրացիայի դեմ ուշադրության կենտրոնում է

2011-09-07

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում 
ՀՀ ՏԿՆ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրեց "ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երեւույթի ուսումնասիրություն եւ դրա կանխարգելման նպատակով առաջարկությունների ներկայացում" ՀՀ կառավարության 2011թ. գերակա խնդրի առնչությամբ մշակված փաստաթղթի նախագիծը։  

Գ. Եգանյանի խոսքով` փաստաթղթում մասնավորապես ներկայացված են միգրացիայի հետ կապված ընդհանուր հարցեր, նկարագրվում են ՀՀ-ից միգրացիոն հոսքերի ծավալներն ու ուղղությունները, անկանոն միգրացիայի դրսեւորումները, վեր են հանվում անկանոն միգրացիա երեւույթին բնորոշ խնդիրները, եւ այս ամենի հիման վրա ներկայացվում են առաջարկություններ եւ միջոցառումներ` ուղղված ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կանխարգելմանը:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն առաջարկեց փաստաթղթում գործնական առաջարկություններ ներառել` կապված հայաստանյան իրողությունների հետ, ինչպես նաեւ կոլեգիայի անդամներին առաջարկվեց ներկայացնել փաստաթղթի վերաբերյալ իրենց դիտողությունները:

Ա. Գեւորգյանը միգրացիոն ծառայության պետին հանձնարարեց նաեւ փաստաթղթի վերաբերյալ մասնագիտական քննարկումներ կազմակերպել` Ազգային ժողովի, Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովների, միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: