Ս.թ. մայիսի 23-ին «Ռոյալ Թուլիփ» հյուրանոցում կայացավ ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին ինչպես պետական մարմինների, այնպես էլ միգրացիոն հարցերով զբաղվող ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր «Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպության երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց: Նիստը նախագահում էր ՄՊԾ պետի տեղակալ Իրինա Դավթյանը: ՀՀ ՄՊԾ միգրացիոն ծառայության աշխատակազմի ղեկավար Համբարձում Աբրահամյանը ներկայացրեց «ՀՀ միգրացիայի ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Եվրամիությունում, Մաքսային միությունում և միասնական տնտեսական տարածքում ընդունած մոտեցումներին և սկզբունքներին համապատասխանեցնելուն ուղղված գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: ՀՀ ՄՊԾ միգրացիոն ծառայության արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը խոսեց Հայաստանի միգրացիոն պրոֆիլի մշակման աշխատանքների մասին: