ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Բանակցություններ մոլդովական կողմի հետ ռեադմիսիոն համաձայնագրի նախագծի շուրջ

2014-04-18

    

2014 թ.  ապրիլի 14-15-ը     Քիշնևում տեղի  ունեցան  բանակցություններ     <Հայաստանի Հանրապետության Կառավարության և Մոլդովայի Հանրապետության Կառավարության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին> Համաձայնագրի նախագծի շուրջ:

          Հայկական պատվիրակության  կազմում  ընդգրկված  էին Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ  Ի. Դավթյանը, ՀՀ  ոստիկանության  ԱՎՎ պետի  տեղակալ  Ա. Համբարձումյանը, ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչ Ա. Գրիգորյանը, ՀՀ  արդարադատության  նախարարության  օրենսդրության  վերլուծության  և կատարելագործման  վարչության  իրավական ակտերի  մշակման բաժնի  առաջատար մասնագետ Վ. Դանիելյանը  և  ՄՄԿ  երևանյան գրասենյակի  ներկայացուցիչ Ք. Գալստյանը:                                               

          Կայացած  բանակցությունների արդյունքում մոլդովական կողմի հետ հիմնականում  համաձայնեցվեցին  Համաձայնագրի  և Կիրարկման արձանագրության  նախագծերի  տեքստերը: Ձեռք  բերված  պայմանավորվածությունները  ներառվեցին  բանակցությունների  արդյունքում  ստորագրված Արձանագրության մեջ:

     Ս.թ. ապրիլի 16-ին,  հայկական պատվիրակության  անդամները    հանդիպումներ  ունեցան   ՄՄԿ  Քիշնևի ներկայացուցչությունում,  Մոլդովայի  Հանրապետության  ներքին գործերի  նախարարության  Միջազգային  հարաբերությունների և եվրոպական ինտեգրման  գլխավոր վարչությունում, ինչպես  նաև Միգրացիայի  և փախստականների  բյուրոյում:  Օրվա  վերջում  հայկական  պատվիրակության համար  կազմակերպվեց  այցելություն   Մոլդովայում  ապաստան հայցող  անձանց   համար  նախատեսված  կացարան:

     Վերոհիշյալ հանդիպումների   ընթացքում ծավալված քննարկումները հիմնականում վերաբերում  էին միգրացիայի  ոլորտում   Մոլդովայում  վարվող  պետական  քաղաքականությանը,  միգրացիայի  կառավարման  ինստիտուցիոնալ համակարգին, ինչպես  նաև  այդ  ոլորտում`  այդ  թվում  միջազգային  կազմակերպությունների  աջակացությամբ իրականացվող տարաբնույթ  ծրագրերին: