ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

2011-08-05

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում, որը վարում էր ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկայացվեց ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման  2012-2016թթ. գործողությունների ծրագիրը: ՀՀ կառավարությունը ՀՀ միգրացիայի պետական  կարգավորման հայեցակարգը հաստատել է 2010թ. դեկտեմբերին:

Գործողությունների ծրագիրը հոկտեմբերին կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: ՀՀ ՏԿՆ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ Գործողությունների ծրագիրն ուղղված է Հայեցակարգում սահմանված միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության 14 հիմնախնդիրների լուծմանը: Մասնավորապես, Գործողությունների ծրագրով իրականացվելիք միջոցառումների արդյունքում կկատարելագործվի միգրացիան կանոնակարգող ՀՀ օրենսդրական դաշտը և կհամապատասխանեցվի ԵՄ օրենսդրության և լավագույն ինստիտուցիոնալ կառուցվածքների հետ, կբարելավվեն հանրապետության սահմանային կառավարման, ապաստանի տրամադրան համակարգերը,  ավելի արդյունավետ կկազմակերպվեն մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ դեմ պայքար և զոհերի պաշտպանությունը: Գ. Եգանյանի խոսքով, նախատեսվում է ներդնել միգրացիոն մոնիտորինգի, իրավիճակի վերլուծման  և գնահատման միասնական համակարգ, ինչը պատասխանատու մարմիններին համատեղ, համագործակցված աշխատելու հնարավորության կտա` արդյունքում` միգրացիոն իրավիճակի մասին ավելի ստույգ և բազմակողմանի պատկերացում ապահովելով: Բացի դրանից, կմշակվեն այլընտրանքային այլ աղբյուրներից միգրացիային առնչվող տեղեկատվության ստացման մեխանիզմներ, այդ թվում` 2-3 տարի պարբերականությամբ միգրացիոն հոսքերի ընտրանքային հետազոտություններ կիրականացվեն:

Գործողությունների ծրագիրն ուղղված կլնի նաև արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությանը: Այս համատեքստում կքննարկվեն միջազգային աշխատաշուկայում միջպետական երկկողմ պայմանագրերի կնքման, ինչպես նաև աշխատանաքային միգրանտների շահերի պաշտպանությանն ուղղված գործող միջազգային պայմանագրերին Հայաստանի միանալու հնարավորությունները` նպատակ ունենալով ընդլայնել հանրապետությունից պայմանագրային հիմունքներով արտագնա աշխատանքների մեկնման հնարավորությունները:

Մի շարք միջոցառումներով ՀՀ կառավարությունը նախատեսում է աջակցել նաև օտարերկրյա պետություններից ՀՀ քաղաքացիների վերադարձին ու հայրենիքում նրանց հետագա վերաինտեգրմանը, կանխարգելել ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիան:

2012-2016թթ. կշարունակվի 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթված փախստականների` հասարակության մեջ ինտեգրման գործընթացը` կմշակվի նրանց բնակարանային հիմնախնդրի վերջնական լուծման ծրագիր, կքննարկվի վերջինիս իրականացման հնարավորությունները պետբյուջեի և միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցների ներգրավմամբ:

Ըստ ՏԿՆ միգրացիոն ծառայության պետի` առաջիկա հինգ տարիների ընթացքում ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության  հայեցակարգի 2012-2016թթ. միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքում կկատարելագործվի օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց մարդասիրական նկատառումներով ՀՀ կողմից տրամադրվող պաշտպանության համակարգը. անձի ինքնությունը հավաստող փաստաթղթերի պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու  և ՀՀ քաղաքացիների տեղաշարջը հեշտացնելու նպատակով կներդրվի կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը:

Կոլեգիան ի գիտություն ընդունեց ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագիրը: