ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական այց ռեադմիսիոն համաձայնագրերի և վերադարձի վերաբերյալ

2014-02-20

    

  Ս.թ. փետրվարի 12-14-ը «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ԵՄ ծրագրի շրջանակներում և Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի (ՖԻԻԳ) հրավերքով կազմակերպվեց ուսումնական այց Փարիզ:

  Այցին մասնակցում էին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ պրն. Ն. Մուրադխանյանը, Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության անձնագրային բաժնի խորհրդական տկն. Մ. Մոկացյանը և Միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի պետ տկն. Հ. Չոբանյանը:

  Եռօրյա ուսումնական այցը վերաբերվում էր հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի և վերադարձի (կամավոր, հարկադիր) կազմակերպման հարցերին:  Այցի նպատակներից էր նաև ամրապնդել Եվրամիության և Հայաստանի վերոնշյալ հարցերի համար պատասխանատու լիազոր մարմինների միջև գոյություն ունեցող կապերը:

 Այցի ընթացքում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ ՖԻԻԳ-ի օտարերկրացիների ներգաղթի, վերադարձի և վերաինտեգրման վարչությունում, ապաստանի վարչությունում, միջազգային և եվրոպայի հարցերով ծառայությունում, որտեղ քննարկվեցին աշխատանքի թույլտվության, վիզաների տրամադրման և կամավոր վերադարձին առնչվող հարցեր: Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության ներգաղթի գլխավոր վարչության Անկանոն ներգաղթի դեմ պայքարի ստորաբաժանման ներկայացուցիչների հետ քննարկվեցին անօրինական միգրանտների տեղափոխման տուգանքների և պատասխանատուներին վերաբերվող հարցեր: Հանդիպում եղավ նաև Փարիզի քաղաքապետարանի ոստիկանական կենտրոնի միգրացիայի և արտաքսման հարցերով պատասխանատուների հետ և այցելություն Վինսենի վարչական կալանքի կենտրոն՝ տեղում ծանոթանալու անօրինական միգրանտների կալանքի և արտաքսման ընթացակարգերին և պայմաններին: