ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միգրացիոն համագործակցության հայ-ֆրանսիական նոր հեռանկարներ

2014-02-17

    

Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի (ՖԻԻԳ) հրավերով Միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը ս.թ. փետրվարի 12-14-ը պաշտոնական այցով գտնվում էր Փարիզում:

Այցի ընթացքում պրն. Եգանյանը փետրվարի 12-ին հանդիպումներ ունեցավ ՖԻԻԳ-ի տնօրեն Յանիկ Իմբերի և Ներքին գործերի նախարարության օտարերկրացիների հարցերով գրասենյակի տնօրեն Լուկ Դերեպայի հետ: Փետրվարի 13-ին կայացավ հանդիպում Արտաքին գործերի նախարարության Կոնտինենտալ Եվրոպայի տնօրենի, իսկ փետրվարի 14-ին՝ Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի տնօրենի հետ: ԱԳՆ-ում կայացած հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան պրն. Վ. Չիթեչյանը:

Բոլոր հանդիպումների ընթացքում գոհունակությամբ նշվեց, որ միգրացիայի ոլորտում հաստատվել է համագործակցության բարձր մակարդակ: Այն ընդգրկում է ինչպես իրավապայմանագրային բազան (2011թ.-ին ստորագրված Շարժունակության գործընկերության հռչակագիրը, 2014թ.-ին ուժի մեջ մտած ԵՄ-ՀՀ մուտքի արտոնագրերի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը, 2013թ.-ին հունվարից  ԵՄ քաղաքացիների ՀՀ մուտքի արտոնագրերի ազատականացման մասին ՀՀ կառավարության որոշումը, 2011թ.-ին Փարիզում ստորագրված հայ-ֆրանսիական փոխընբռման հուշագիրը), այնպես էլ կոնկրետ ծրագրերի իրականացում (երկկողմանի համագործակցության շրջանակներում 2005թ.-ից ի վեր ՖԻԻԳ-ը աջակցում է ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան, 2013թ.-ին մեկնարկեց Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար ծրագիրը, որը իրականացնում են եվրոպական 8 երկրներից բաղկացած կոնսորցիումը` ՖԻԻԳ-ի գլխավորությամբ):

Հանդիպումների ընթացքում առանձնահատուկ նշվեց միգրացիայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման մասին, մասնավորապես աշխատանքային միգրացիայի հարցերով երկկողմանի համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ ֆրանսիական կողմը պրն. Գ. Եգանյանին տեղեկացրեց, որ ներկայումս վերանայվում է ոլորտում ֆրանսիական քաղաքականությունը, որից հետո անդրադարձ կկատարվի հայկական կողմին հայկական կողմի առաջարկին: 

Ֆրանսիական կողմին ներկայացվեցին համագործակցության նաև նոր ոլորտներ, մասնավորապես Հայաստանում ինտեգրացիայի քաղաքականության մշակման օժանդակության, ապաստանի ոլորտում Ծագման երկրի վերաբերյալ տեղեկությունների ստացման հարցերում, ինչպես նաև արդեն ուժի մեջ մտած ռեադմիսիոն համաձայնագրի կիրակման արձանագրությունների վերաբերյալ:

Կարևորվեց նաև ՀՀ վերադարձողներին օժանդակության տրամադրման շարունակումը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության հարթակներում: Ֆրանսիական կողմը պատրաստակամություն հայտնեց նշված ուղղություններով համագործակցությունը Հայաստանի հետ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև, որ ՖԻԻԳ-ի տնօրեն Յանիկ Իմբերը սեպտեմբերի 15-ից հոկտեմբեր 15-ն ընկած ժամանակահատվածում կայցելի Հայաստան: