ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միգրացիային նվիրված սեմինար Ծաղկաձորում

2013-12-09

    

 Ս/թ դեկտեմբերի 6-7-ին Ծաղկաձորում կայացավ միգրացիային նվիրված սեմինար, որին մասնակցում էին ինչպես պետական մարմինների, այնպես էլ միգրացիոն հարցերով զբաղվող ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:  Միջոցառումը կազմակերպվել էր «Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպության երևանյան գրասենյակի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Սեմինարի առաջին օրը նվիրված էր ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստին: Միջգերատեսչական հանձնաժողովը վարում էր ՄՊԾ պետի տեղակալ Իրինա Դավթյանը: Նիստի ընթացքում հավանության արժանացավ օտարերկրյա պետություններում անկանոն միգրանտի կարգավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիների անձը և քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի հետ կապված խնդիրների ուսումնասիրության արդյունքում կազմված միջոցառումների ծրագիրը: Աշխույժ քննարկումներ ծավալվեցին հատկապես ԵԱՀԿ փորձագետ Դավիթ Թումասյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության միգրացիայի ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Եվրամիության մոտեցումներին և սկզբունքներին համապատասխանեցնելուն ուղղված գործողությունների 2014-2016 թվականների ծրագրի շուրջ:

 Սեմինարի երկրորդ օրվա ընթացքում քննարկվեցին օտարերկրյա պետություններում  աշխատանքային գործունեության կարգի ու պայմանների մասին բնակչությանն արդյունավետ տեղեկացնելու հարցերը, ներկայացվեցին զեկույցներ ՀՀ աշխատաշուկայում օտարերկրացիների կողմից զաբաղեցվող աշխատատեղերի կառուցվածքի, Հայաստանում միգրանտների ինտեգրացիայի, միգրանտների շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման վերաբերյալ, ներկայացվեց Իսպանիա և Պորտուգալիա ուսումնական այցի արդյունքներն ու քաղված դասերը: