ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տեղի ունեցավ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ղեկավար հանձնախմբի 1-ին նիստը

2013-11-21

    

Ս/թ նոյեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ղեկավար հանձնախմբի առաջին նիստը: Նիստին ներկա էին Եվրամիության անդամ պետություններից 8, Հայաստանում Եվրամիության պատվիրակության, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ներկայացուցիչներ: 

 Հանդիպման նպատակն էր ներկայացնել ծրագրի առաջընթացը և ձեռքբերումները 2013թ.-ին, եվրոպացի և հայ գործընկերների հետ քննարկել ծրագրի աշխատանքային պլանը և 2014թ.-ի ընդհանուր ռազմավարությունը, ինչպես նաև անդրադառնալ մեկ պատուհանի սկզբունքին և հայ միգրանտներին տրամադրվող վերաինտեգրման աջակցությանն առնչվող տարատեսակ հարցերին: 

Պրն. Հոա-Բին Աճեմյանը` Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավարը, նշեց, որ, հատկապես հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և ԵՄ-ի միջև ընթացող վիզային ռեժիմի վերաբերյալ երկխոսության ներկա փուլը, միգրացիոն գործընթացները և վերադարձողների վերաինտեգրումը գալիք տարիներին ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ են հանդիսանալու: 

 Ղեկավար հանձնախմբի նիստի ընթացքում ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչները և հայ գործընկերները հնարավորություն ունեցան ակտիվորեն մասնակցել և արդյունավետ կերպով նպաստել հանձնախմբի աշխատանքներին: Վերջիններս հանդես եկան մեկնաբանություններով, նկատառումներով և առաջարկներով կատարված աշխատանքի և հաջորդ տարվա ընթացքում կայանալիք գործողությունների վերաբերյալ:

 Ինչպես նշեց ԹՆՀ ծրագրի աշխատակազմը, ծրագրի նշանակալի մաս հաջողությամբ իրականացվել է 2013թ.-ին, ինչը նշանակում է, որ 2014թ.-ի սկզբից Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնի հիմնադրմամբ վերադարձողներին կտրամադրվի վերաինտեգրման կոնկրետ աջակցություն: ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին շարունակել ծրագրի շրջանակներում համագործակցությունը և օժանդակությունը այն ոլորտներում, որոնցում իրենք ներգրավված են:

 Ինչ վերաբերում է հայ գործընկերներին, Միգրացիոն պետական ծառայության պետ պրն. Գագիկ Եգանյանն ընդգծեց, որ ԹՆՀ ծրագիրը և Միգրացիոն պետական ծառայությունն արդյունավետ համագործակցություն են ծավալել և շատ ինտենսիվ կերպով աշխատել են տարվա ընթացքում: Պրն. Եգանյանը նաև հույս հայտնեց, որ մեկ պատուհանը, որը վերաինտեգրման աջակցության կենտրոնական տարր է հանդիսանում, արդեն իսկ կգործարկվի գալիք տարվա սկզբից: