ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Եռօրյա խորհրդակցություններ ՀԱՊԿ քարտուղարությունում

2013-09-02

    

 Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում կնքվելիք 3 փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան) դիտողությունների և առաջարկությունների վերանայման նպատակով, ՀԱՊԿ քարտուղարության նախաձեռնությամբ, 2013թ. օգոստոսի 28-30-ը Մոսկվայում տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների լիազոր մարմինների ներկայացուցիչների խորհրդակցություններ, որոնց Հայաստանի Հանրապետության կողմից մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը և ՌԴ-ում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության լիազոր ներկայացուցիչ, ոստիկանության գնդապետ Գ.Ս. Զախարովը:

 Անցկացված խորհրդակցությունների արդյունքում վերանայվել են «2013-2020թթ. ընթացքում երրորդ պետություններից ապաստան փնտրող անձանց և փախստականների հետ աշխատանքի տարածաշրջանային համակարգ ստեղծելու ուղղությամբ անդամ պետությունների գործունեության հիմնական ուղղությունների մասին» և «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների միջև անձնագրային-արտոնագրային փաստաթղթերի վավերականության մասին տեղեկությունների փոխանակման վերաբերյալ կանոնակարգի մասին» Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների, ինչպես նաև «Երրորդ պետություններից ապաստան փնտրող անձանց մասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների միջև տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի նախագծերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների դիտողությունները և առաջարկությունները:

 Խորհրդակցությունների մասնակիցները, հաշվի առնելով անդամ պետությունների դիտողությունները և առաջարկությունները, լրամշակել և համաձայնեցրել են վերոնշյալ փաստաթղթերի նախագծերը, ինչպես նաև հնարավոր են համարել դրանց ներկայացնելը ՀԱՊԿ Մշտական Խորհրդի, այնուհետև՝ ՀԱՊԿ կանոնադրական մարմինների քննարկմանը: