ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ծառայության վերջին մշակումները քննության են առնվել ՏԿ նախարարին կից կոլեգիայի նիստում

2013-06-28

 Ս/թ հունիսի 28-ին կայացավ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը, որի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարարության պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը կոլեգիայի անդամներին ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով: ՄԱԿ-ի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոնվենցիայի լրացուցիչ` Պալերմոյի արձանագրությամբ, որին միացել է նաև Հայաստանը, անօրինական միգրացիայի կազմակերպումը քրեորեն պատժելի արարք է համարվում: Ըստ Գ. Եգանյանի` ներկայացված նախագծով օրենսգիրքն առաջարկվում է լրացնել նոր` 329.1-րդ հոդվածով, որի համաձայն անօրինական միգրացիայի կազմակերպումը, անկախ անձի քաղաքացիությունից, քրեորեն պատժելի արարք կհամարվի: Բացի այդ, անօրինական միգրացիայի կազմակերպումից ստացած եկամուտները կդիտվեն որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ: Համապատասխան փոփոխություններ են առաջարկվում նաև Քրեական դատավարության օրենսգրքում:

 Գ. Եգանյանը կոլեգիայի անդամներին ներկայացրեց նաև «Վերադարձ» www.backtoarmenia.am ինտերնետային տեղեկատվական համակարգի ստեղծման և սպասարկման կարգի նախագիծը: Համակարգի ստեղծման և կարգի հաստատման նպատակը Հայաստան վերադարձող քաղաքացիների համար վերադարձի և կայուն վերահաստատման գործընթացների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովումը, այդ տեղեկատվությունը և համապատասխան ծրագրերը մեկ ինտերնետային համակարգում մեկտեղելը, օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիների համար հայաստանյան պետական մարմիններին ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով դիմելու հնարավորության ստեղծումը, «մեկ պատուհանի» սկզբունքով խնդիրների վերհանումն ու հետագայում դրանց իրավական կարգավորումն է:
Նշվեց, որ նախագծերը քննարկվել են շահագրգիռ մարմինների կողմից և սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ կառավարություն: