ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Քննարկումներ միգրացիոն ոլորտում ԵՄ չափանիշներին ՀՀ իրավական դաշտի մոտարկման շուրջ

2013-05-22

    

Ս/թ մայիսի 21-22-ին <<Պարկ Ռեզորթ Աղվերան>> հյուրանոցային համալիրում անցկացվեց սեմինար` նվիրված ԵՄ չափանիշներին ՀՀ իրավական դաշտի մոտարկմանը: Սեմինարին մասնակցում էին խնդրով զբաղվող ինչպես պետական, այնպես էլ հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այն կազմակերպվել էր Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող <<Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում>> Թվինինգ ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում: Լեհաստանի Ներքին գործերի նախարարության փորձագետները ներկայացրեցին շուրջ յոթ ամսվա ընթացքում իրենց կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները` մասնավորապես ոլորտում բացահայտված անհամապատասխանությունները Հայաստանի և ԵՄ օրենսդրությունների միջև: Բացի այդ, բանախոսներն անդրադարձան նաև Լեհաստանի օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու փորձին: Սեմինարի ընթացքում ծավալված քննարկումների ամփոփման արդյունքում փորձագետներին առաջարկվեց վերանայել կատարված հետազոտությունը` հիմնվելով սեմինարի մասնակիցների հնչեցրած կարծիքների վրա: Կարևորվեց առանձին աղյուսակի մշակումը, որտեղ կարտացոլվեն նախ` հետազոտության մեջ նշված հիմնական բացթողումները, ապա` ՀՀ համապատասխան իրավական ակտը, այնուհետև` ԵՄ համապատասխան ռեգլամենտը, իսկ վերջում` կոնկրետ առաջարկությունը: Միաժամանակ սեմինարի մասնակիցներին հորդորվեց հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել կատարված հետազոտության հետ կապված իրենց առաջարկություններն ու դիտողությունները: Հարկ է նշել, որ եվրաինտեգրումը համարվում է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական գերակայություն, և այս հետազոտությունը իրականավել էր այդ համատեքստում: Բացի այդ, միգրացիայի և ապաստանի ոլորտում ԵՄ չափանիշներին ՀՀ օրենսդրության ներդաշնակեցումը Միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրի առաջին գերակայությունն է: