ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային հանդիպում Կիևում

2013-04-26

    

 Ս/թ ապրիլի 23-ին և 24-ին Կիևում կայացավ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի տարածաշրջանային գրասենյակի կողմից կազմակերպված` «Ապաստանի համակարգի որակի բարելավման նախաձեռնություն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում» թեմայով հանդիպումը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի միգրացիոն հարցերով զբաղվող պետական մարմինների, ՄԱԿ ՓԳՀ-ի, միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ:

 Հայաստանից հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը (պատվիրակության ղեկավար), ապաստանի հարցերի բաժնի առաջատար մասնագետ Ելենա Յաշչյանը, արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետ Մարիամ Անաստասյանը և ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի երկու աշխատակիցներ:

 Պ. Աղաբաբյանը ներկայացրեց Հայաստանի ապաստանի համակարգը և կարևորեց ս/թ. ապրիլի 1-ից Հայաստանում մեկնարկած «Ապաստանի համակարգի որակի բարելավման նախաձեռնություն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում» երկամյա ծրագրի իրականացումը, որի նպատակն է աջակցել Հայաստանի միգրացիայի հարցերով լիազոր պետական մարմնին՝  կատարելագործելու ապաստանի տրամադրման ընթացակարգերը:

 Հանդիպման ընթացքում ակտիվ քննարկվեցին ծրագրի իրականացման հիմնական ուղղությունները՝ ծրագրին մասնակից երկրներում դրա արդյունավետ իրականացման համար: