ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 18` միգրանտների միջազգային օր

2012-12-18

     2000թ. դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան, հաշվի առնելով աշխարհում աստիճանաբար աճող միգրանտների թիվը, դեկտեմբերի 18-ը հռչակեց միգրանտների միջազգային օր: Սա կարևոր քայլ էր բոլոր նրանց համար, ում համախմբում է միգրանտների պաշտպանության նկատմամբ մտահոգության գաղափարը: ՄԱԿ-ի անդամ-պետությունները, միջկառավարական և հասարակական կազմակերպությունները նշում են այս օրը միգրանտների իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ տեղեկատվության տարածման, փորձի փոխանակման և նրանց պաշտպանությանն ուղղված գործողությունների միջոցով: 1990թ. դեկտեմբերի 18-ին Գլխավոր Ասամբլեան ընդունեց Բոլոր աշխատավոր միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան: Միգրանտների միջազգային օրը նախ և առաջ դիտվում է որպես հնարավորություն կարևորելու միլիոնավոր միգրանտների օժանդակությունն իրենց ծագման և ընդունող երկրներին, և երկրորդ` այն կոչված է պաշտպանելու միգրանտների հիմնարար իրավունքները: