ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Եգանյանի պարզաբանումները

2012-12-05

ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի քարտուղար Գագիկ Եգանյանը պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի "Բարգավաճ Հայաստան" կուսակցության խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի` ս.թ. դեկտեմբերի 4-ի հայտարարության կապակցությամբ: Ստորեւ ներկայացվում են տեղեկանք-պարզաբանումները.

"Փախստականների և նրանց ընտանիքների վերաբերյալ տեղեկատվության կուտակում" ծրագրի մասին

"Փախստականների և նրանց ընտանիքների վերաբերյալ տեղեկատվության կուտակում" ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից` բաժին 10, խումբ 09, դաս 02 ծրագիր 02-ի տակ` որպես սուբսիդիա: Այդ ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության "Համակարգչային կենտրոն" ՊՈԱԿ-ի կողմից:

"Համակարգչային կենտրոն" ՊՈԱԿ-ը ստեղծվել է ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 6-ի՝ "Համակարգչային կենտրոն" Պետական ոչ առեւտրային կազմակերպություն ստեղծելու մասին" N-789-Ն որոշմամբ` որպես նախկինում գործող նույնանուն ՊՓԲԸ-ի իրավահաջորդ:

"Համակարգչային կենտրոն" ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական առարկան ու նպատակներն են՝

Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ազգաբնակչության, Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններից պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված անձանց ու Հայաստանի Հանրապետության բնակչության այլ միգրացիոն հոսքերի մասին տվյալների հավաքագրման հիման վրա անձնավորված տեղեկություններ պարունակող քարտադարանների (արխիվների) և համակարգչային տեղեկատվական շտեմարանների (բազա) ստեղծումն ու վարումը, դրանց կառավարման համակարգչային ծրագրային միջոցների ձեռքբերումը, մշակումը, տեղայնացումը, ներդաշնակեցումն ու ներդրումը, ստեղծված տեղեկատվական ռեսուրսների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմիններին, հասարակական և միջազգային կազմակերպություններին պահանջվող տեղեկությունների տրամադրումը:

Գործունեությունը

Վերը նշված բյուջետային ծրագրի շրջանակներում կենտրոնի կողմից մշակվել, շահագործվում և սպասարկվում են ութ հետևյալ հիմնական տեղեկատվական ծրագրային համակարգերը՝

1. Փախստականների մասին տեղեկությունների մշակման և տրամադրման տեղեկատվական համակարգ,

2. Առաջնահերթ բնակարանային կարիք ունեցող փախստականների ընտանիքների և բնակության պայմանների հաշվառման տեղեկատվական համակարգ,

3. "Փախստականների մասին տեղեկությունների և փաստաթղթերի տրամադրման ցանցային համակարգ",
4.ՀՀ սահմանամերձ շրջանների բնակչության և նրանց հետ անցկացրած հարցազրույցների հիման վրա ստեղծված՝ ՀՀ սահմանամերձ շրջանների բնակչության և ներքին տեղահանված անձանց մասին տեղեկությունների մշակման ծրագրային համակարգ,

5.Ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների հաշվառման, տեղեկությունների մշակման և տրամադրման ինտերնետային համակարգ,

6.Իրաքից ժամանած և ՀՀ-ում ապաստան հայցող Իրաքի հայազգի քաղաքացիների հաշվառման ինտերնետային համակարգ,

7.Միգրանտներին` նրանց ետ վերադարձմանը (ռեէմիգրացիա) նպաստելու նպատակով, և արտասահմանում և ՀՀ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ իրենց հիմնախնդիրների վերաբերյալ, խորհրդատվության և աջակցության ցուցաբերման տեղեկատվական ինտերնետային համակարգ,

8. ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության եռալեզու` հայերեն, անգլերեն, ռուսերեն, ինտերնետային կայքէջի ծրագրային համակարգ,

և չորս հետևյալ սպասարկող համակարգերը՝

1. Միգրանտներին` նրանց ետ վերադարձմանը (ռեէմիգրացիա) նպաստելու նպատակով, և արտասահմանում և ՀՀ–ում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ իրենց հիմնախնդիրների վերաբերյալ, խորհրդատվության և աջակցության ցուցաբերման ինտերնետային համակարգի ադմինիստրատորի համար նախատեսված ենթահամակարգ,

2. ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ծառայության եռալեզու` հայերեն, անգլերեն, ռուսերեն, ինտերնետային կայքէջի ադմինիստրատորի համար նախատեսված ինտերնետային համակարգ,

3.Ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման և տեղեկությունների տրամադրման ինտերնետային համակարգի համար հաշվետվությունների գեներացիայի ենթահամակարգ,

4.Ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման և տեղեկությունների տրամադրման ինտերնետային համակարգի համար ադմինիստրատորի ծրագրային համակարգ:

Նշված տեղեկատվական համակարգերը ներառում են շուրջ վեց հարյուր տասնհինգ հազար անձանց մասին տվյալներ, որոնցից երեք հարյուր վաթսուն հազարն Ադրբեջանից բռնագաղթված են, երկու հարյուր հիսուներկու հազարը` ներքին տեղահանվածներ, երեք հազարը` Իրաքից, Սիրիայից և այլ վայրերից ապաստան հայցողներ են:

Կենտրոնը վերջին հինգ տարիներին ունեցել է հետևյալ ֆինանսավորումը`

   Տարեթիվը          Ֆինանսավորումը
                         (Հազ դրամ)
2009                 44138,5
2010                 44008,5
2011                44008,5
2012                44008,5
2013                 50656,1

2013 թվականի ֆինանսավորման աճը պայմանավորվում է հետևյալով. մինչև 2012 թվականը ներառյալ կենտրոնի կողմից զբաղեցրած տարածքի վարձավճարը վճարվում էր ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության կողմից: Շենքի սեփականատիրոջ փոփոխմամբ վարձավճարի գումարը 2013 թվականի համար ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության փոխարեն նախատեսվել և մտցվել է ՊՈԱԿ-ի նախահաշվում:

ՀՀ պետական բյուջեի միջոցներով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության "Թրաֆիքինգի զոհերին պետական աջակցություն" ծրագրի վերաբերյալ

Թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանում իրականացվում է երեք ուղղություններով, որից մեկը` թրաֆիքինգի զոհերին աջակցության կազմակերպումն է: Օգնությունը հիմնված է գոյություն ունեցող միջազգային չափանիշների վրա և համապատասխանում է երկրի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, այն է "Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին" ՄԱԿ-ի կոնվենցիան և դրան կից Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին և Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական փոխադրումների դեմ երկու արձանագրությունները (վավերացվել են 2003 թ-ին) և Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցների մասին ԵԽ կոնվենցիան (վավերացվել են 2008 թ-ին): Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի կոնվենցիայի չկատարումը Հայաստանի իշխանությունների կողմից կարող է հանգեցնել տնտեսական սանկցիաների երկրի նկատմամբ:
Թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված քաղաքականությունը արտացոլված է երեք Ազգային ծրագրերում` 2004-2006թթ., 2007-2009թթ., 2010-2012թթ.: Հաջողության առաջընթացը ներկայացված է հաշվետվություններում: Ծրագրերի շարունակականությունն ապահովում է 2013-2015թթ. չորրորդ եռամյա Ազգային Ծրագիրը, որի մշակման աշխատանքները մոտենում են ավարտին: 
ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող "Թրաֆիքինգի զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնում" ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին և շարունակական է: Ծրագիրը, որի շրջանակներում զոհերին ցուցաբերվում է առաջնային օժանդակություն, կազմակերպվում են նրանց վերականգնողական աշխատանքները` բժշկական, սոցիալական, հոգեբանական օգնություն ու խորհրդատվություն տրամադրելու տեսքով, նախատեսվել է 2007-2009թթ. և 2010-2012թթ. Ազգային ծրագրերի միջոցառումների ժամանակացույցերում: 
Ծրագիրն իրականացվում է ԱՄՔՈՐ կազմակերպության հետ համաֆինանսավորման եղանակով, համաձայն կողմերի միջև ստորագրված պայմանագրի դրույթների:
2009 թվականին ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 16,4 մլն դրամ (չի օգտագործվել), 2010 թ-ին` 25,966.4 հազ. դրամ (օգտագործվել է 6. 072, 00), 2011-ին ` 32.874.00 (օգտագործվել է 6,624,000.0) և 2012 թ-ին` 6,624,000.0 (օգտագործվել է), 2013թ. ՀՀ պետական բյուջեի նախագծում ներառված ` 6,624,000.0 դրամ: 
Նշված ժամանակահատվածում համագործակցող կողմը դոնոր կազմակերպությունների օժանդակությամբ ապահովել է որոշակի ծախսերը և պետական բյուջեից օգտագործել է միայն կազմակերպության տարածքի վարձակալության համար նախատեսված գումարը, ինչը ամրագրված է Պայմանագրի 4-րդ բաժնում: Չօգտագործված գումարները ետ են վերադարձվել բյուջե: Դրանով էլ պայմանավորվել է հետագայում ֆինանսավորման չափի նվազումը և պայամանագրի տողին համապատասխանեցումը: 
Հարկ է նշել, որ Կատարողը 2012 թվականի մայիսին դիմել է նախարարություն նամակով Պայմանագրի համապատասխան տողում փոփոխություն կատարելու և ֆինանսավորման ներկայիս չափը կրկնապատկելու մասին, սակայն 2013-2015թթ. ՄԺԾ ծախսերի ծրագրում ներկայացված հայտը չի հաստատվել:
Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի 32 հոգու ցուցաբերվել է աջակցություն: