ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ստորագրվեց համագործակցության հուշագիր ՄՊԾ, ՄԶՄԿ և ՄՄԿ միջև

2012-10-10

       Ս/թ հոկտեմբերի 9-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) և Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության (ՄՄԿ) միջև ստորագրվեց Համագործակցության հուշագիր` «Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրի» և «Հայաստանի Հանրապետությունից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրության և դրա կանխարգելման վերաբերյալ հայեցակարգի» շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացմանն աջակցության վերաբերյալ: 

     2011 թվականի վերջին ՀՀ Կառավարությունն ընդունել է միգրացիայի կարգավորման ազգային քաղաքականություն, որն ի թիվս այլ կարևոր հարցերի, անդրադառնում է աշխատանքային միգրացիայի կառավարմանը: Միևնույն ժամանակահատվածում ընդունվել է նաև Հայաստանի Հանրապետությունում անկանոն միգրացիայի դեմ պայքարի վերաբերյալ ռազմավարություն:  Այս փաստաթղթերը նախատեսում են ՀՀ-ում միգրացիայի կարգավորման ոլորտի բարեփոխումներ և ենթադրում են այնպիսի կարևոր միջոցառումներ, ինչպիսիք են` աշխատանքային միգրացիայի ոլորտի օրենսդրական դաշտի ձևավորում, շահագրգիռ օտար պետությունների հետ երկկողմ աշխատանքային համաձայնագրերի կնքում, միգրանտ աշխատավորների իրավունքների պաշտպանություն, ԵՄ–ում ընդունված չափանիշներին համապատասխանելիության տեսանկյունից միգրացիան կանոնակարգող ՀՀ օրենսդրական դաշտի վերլուծություն, ինչպես նաև անկանոն միգրացիայի վտանգների և օրինական աշխատանքային միգրացիայի հնարավորությունների մասին հանրության իրազեկման մեծածավալ արշավ:

    Հուշագրում ամրագրված նպատակներն ու պարտավորությունները կիրականացվեն Եվրոպական միության օժանդակությամբ ՄԶՄԿ-ի և ՄՄԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի (ընդհանուր արժեքը՝ 2,450,000 ԵՎՐՈ), Բելգիայի Թագավորության օժանդակությամբ ՄԶՄԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանից Բելգիայի Թագավորություն անկանոն միգրացիայի կանխարգելում» ծրագրի և Նիդերլանդների Թագավորության Ներքին գործերի և թագավորական հարաբերությունների նախարարության օժանդակությամբ իրականացվող «Աջակցություն Նիդերլանդներից Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների եվրաինտեգրմանը» ծրագրի, ինչպես նաև ՄՄԿ-ի օժանդակությամբ իրականացվող «Տեխնիկական աջակցություն ՀՀ Կառավարությանը աշխատանքային միգրացիայի սխեմաների նախաձեռման գործում» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ՄՊԾ, ՄԶՄԿ և ՄՄԿ միջև սերտ համագործակցություն հաստատելու միջոցով:

     Կստեղծվի Հուշագրով և դրա հավելվածներով սահմանվող գործողությունները համակարգող հանձնաժողով` շահագրգիռ կողմերի և շահառուների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հուշագրով սահմանվող գործողություններն իրականացնելու նպատակով կձևավորվի նաև աշխատանքային խումբ՝ փորձագետների ներգրավմամբ: