ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Երևանում ազդարարվեց Թվինինգ ծրագրի մեկնարկը

2012-09-06

 Ս/թ սեպտեմբերի 6-ին Երևանում պաշտոնապես ազդարարվեց "Թվինինգ" ծրագրի մեկնարկը, որն ուղղված է Հայաստանում միգրացիայի ոլորտի կառավարման հզորացմանը: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ Տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ պրն. Արմեն Գևորգյանը, Շվեդիայի Միգրացիայի և ապաստանի քաղաքականության նախարար պրն. Թոբիաս Բիլսթրոմը, Օտարերկրացիների հարցերով լեհական գրասենյակի ղեկավար Ռաֆալ Ռոգալան և այլ պաշտոնատար անձինք:

"Թվինինգ" ծրագիրը նպատակ ունի մոտեցնելու Հայաստանը ԵՄ միգրացիայի և ապաստանի ոլորտի կառավարման օրենսդրությանը և լավագույն փորձին` Միգրացիոն պետական ծառայության ինստիտուցիոնալ ամրապնդման միջոցով: Ծրագրի նպատակը կիրագործվի համապարփակ կառավարման ձևաչափի, ինչպես նաև ԵՄ լավագույն փորձին ծանոթացման միջոցով: Հիմնական բաղադրիչներից են օրենսդրական դաշտի ներդաշնակեցումը ԵՄ չափանիշներին, միգրացիայի հարցերով գործառույթներ ունեցող մարմինների աշխատանքի արդյունավետ համակարգումը, միգրացիայի և ապաստանի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ներդրումը:

 Ծրագրի իրականացման համար ընտրվել է Շվեդիայի և Լեհաստանի միգրացիոն մարմինների ներկայացուցիչներից բաղկացած կոնսորցիումը: Հայկական կողմից ծրագրի շահառուներն են Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Ոստիկանությունը, պետական այլ մարմիններ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից. տևողությունը 27 ամիս է: