ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Երկքաղաքացիությունը

1. Ո՞վ է համարվում Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի:

 Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն:

2. Ճանաչու՞մ  է  արդյոք  Հայաստանի  Հանրապետությունը ՀՀ  երկքաղաքացու մյուս քաղաքացիությունը:

 ՀՀ երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

 Սույն նորմը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի 1-ից հետո,  առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

3. Օտարերկրյա պետության բոլո՞ր քաղաքացիները կարող են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, թ՞ե այդ իրավունքից կարող են օգտվել միայն ծագումով հայերը:

 Համաձայն «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք է բերվում`

1) քաղաքացիության ճանաչմամբ,

2) ծննդով,

3) քաղաքացիություն ստանալու միջոցով,

4) քաղաքացիությունը վերականգնելու միջոցով,

5) քաղաքացիության խմբային ձեռքբերման միջոցով,

6) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով,

7)  օրենքով նախատեսված այլ հիմքերով:

 Ըստ նույն օրենքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե`

1) օրենքով uահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում,

2) կարող է բացատրվել հայերեն լեզվով և

3) ծանոթ է ՀՀ Սահմանադրությանը:

 Առանց «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերի սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`

1) որն ամուսնացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա,

2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն uտանալու համար,

3) որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:     

 Առանց «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը:

4. Ի՞նչ  փաստաթղթեր    են   անհրաժեշտ  ներկայացնել  ՀՀ  քաղաքացիություն  ստանալու համար:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում,

2) անձնագիրը և դրա պատճենը,

3) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),

4) ծննդյան վկայականը և դրա պատճենը,

5) ամուսնության վկայականը և դրա պատճենը,

6) ամուսնու անձնագիրը և դրա պատճենը կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին,

7) իր երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականը և դրա պատճենը, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը,

8) ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը`

ա. ՀՀ  կառավարության 2007թ նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշման N 4 հավելվածում նշված եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ (այդ  ցանկին կարելի  է ծանոթանալ այստեղ` http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=79928)` հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով,

բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ,

գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից,

դ. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ: Միաժամանակ, ներկայացվում է նաև տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող` իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթ: Ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթեր են համարվում նաև սույն կետի 2-րդ, 4-րդ և 9-րդ ենթակետերով նախատեսված` ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող փաստաթղթերը,

9) քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները.

10) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

5. Ի՞նչ  է  պարտավոր  անել  Հայաստանի  Հանրապետության   քաղաքացին  այլ պետության  քաղաքացիություն  ընդունելու  կամ  ստանալու  դեպքում:

 Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն  ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով (կարգին կարելի  է  ծանոթանալ այստեղ՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=39401)` մեկամսյա ժամկետում անձամբ  կամ  փոստով հայտնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանում, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ օտարերկրյա պետությունում գործող  դիվանագիտական ծառայության մարմիններ:

6. Ո՞րն է ՀՀ  կառավարության լիազոր մարմինը:

 ՀՀ կառավարության լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ  ոստիկանության  անձնագրային  և  վիզաների  վարչությունը  կամ  ՀՀ  ոստիկանության  տարածքային  ստորաբաժանումը,  իսկ օտարերկրյա  պետություններում` դիվանագիտական ծառայության մարմինները:

7. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալ ու դեպքում:

 Այլ պետության քաղաքացիություն  ընդունելու կամ ստանալու մասին անձամբ հայտնելիս հայտարարություն տվողը ներկայացնում  է`

  1. դիմում,
  2. ՀՀ  քաղաքացու  անձնագիրը  և դրա  պատճենը,
  3. այլ պետության  քաղաքացու անձնագիրը  և  դրա  պատճենը /անձնագրերի և  անձնագրերի պատճենների  համապատասխանությունը  ճշտելուց անմիջապես  հետո անձնագրերը  վերադարձվում  են հայտարարություն տվողին/:

 Այլ պետության քաղաքացիություն  ընդունելու կամ ստանալու մասին փոստով հայտնելիս հայտարարություն տվողը ներկայացնում  է`

  1. դիմում,
  2. ՀՀ  քաղաքացու և  այլ պետության  քաղաքացու անձնագրերի նոտրական կարգով վավերացված  պատճենները:

8. Ի՞նչ տեղեկություններ պետք է լինեն այլ պետության քաղաքացիություն  ընդունելու կամ  ստանալու դիմումի մեջ:

 Դիմումում նշվում  են այն մարմնի  անվանումը,  ում  ներկայացվում  է  դիմումը, հայտարարություն  տվողի  անունը, ազգանունը, ծննդյան օրը,  ամիսը, տարեթիվը, վայրը, այն պետության  անվանումը,  որի  քաղաքացիությունը  ստացել կամ ընդունել  է,  քաղաքացիությունն   ստանալու կամ ընդունելու  օրը,  ամիսը, տարեթիվը: Դիմումը  ստորագրում  է հայտարարություն տվողը` նշելով դիմումը  ներկայացնելու  օրը, ամիսը, տարեթիվը:

9. Ի՞նչ  հետևանքներ  է  առաջացնում այլ պետության քաղաքացիություն  ընդունելու կամ  ստանալու  դեպքում ՀՀ   կառավարության լիազոր  մարմնին չհայտնելը:

 Հայաստանի Հանրապետության  քաղաքացու կողմից այլ պետության  քաղաքացիություն  ընդունելու կամ  ստանալու  դեպքում ՀՀ   կառավարության լիազոր  մարմնին չհայտնելը պատժվում  է  տուգանքով`  նվազագույն  աշխատավարձի հիսնապատիկի չափով  /50.000 դրամ/:

10. Ո՞ր   դեպքում  է  այլ պետության քաղաքացիություն  ընդունելու կամ  ստանալու մասին չհայտնելը հանգեցնում  քրեական պատասխանատվության

 Այլ պետության քաղաքացիություն  ընդունելու կամ ստանալու դեպքում  օրենքով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին չհայտնելը Հայաստանի Հանրապետության այն քաղաքացու կողմից, որը հավակնում է այնպիսի պաշտոն զբաղեցնել, որը զբաղեցնելն օրենքով արգելված է այլ պետության քաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաև այն պաշտոնատար անձի կողմից, որն օրենքի համաձայն չէր կարող լինել նաև այլ պետության քաղաքացի, պատժվում է ազատազրկմամբ երեքից հինգ տարի ժամկետով՝ զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

11. Ի՞նչ  իրավունքներ  և  ի՞նչ  պարտականություններ  ունի   Հայաստանի  Հանրապետության երկքաղաքացին:

 Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի: 

12. Ինչպե՞ս  է  լուծվում   ՀՀ  երկքաղաքացիների  զինապարտության  հարցը:

 Հայաստանի Հանրապետության  քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին   ազատվում է  պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև Հայաստանի Հանրապետության  քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության  կառավարության սահմանած պետությունների:

 Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից`  ծառայել է նա այլ պետությունում, թե` ոչ: 

Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից և վարժական հավաքից: 

13. ՀՀ  երկքաղաքացիները  կարո՞ղ  են  մասնակցել ՀՀ ընտրություններին:

 Հայաստանի Հանրապետության ընտրություններին կարող են մասնակցել /քվեարկել/ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և Հայաստանի Հանրապետությունում հաշվառում ունեցող երկքաղաքացիները: