ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի թույլտվությունը

1. Ինչպե՞ս է կարգավորվում ՀՀ-ում օտարերկրացիների զբաղվածությունը:      

 «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2006թ.-ի դեկտեմբերին, սակայն օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և մերժման կարգն ու ժամկետները, աշխատանքի թույլտվություն տրամադրող լիազոր մարմինը սահմանող ՀՀ կառավարության որոշումը դեռևս ընդունված չէ: Իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլուխը կսկսի գործել միայն այն պահից, երբ ընդունվի Կառավարության վերոհիշյալ որոշումը:

 Ըստ այդմ, ներկայումս օտարերկրացիները ՀՀ-ում կարող են աշխատել առանց աշխատանքի թույլտվության:

2. ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման ընդունման դեպքում, ի՞նչ հիմքով կարող են ՀՀ գործատուններն  իրենց մոտ աշխատանքի ընդունել օտարերկրացիներին:

 Համաձայն  «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի` ՀՀ գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատողի հետ աշխատանաքային պայմանագրի (ծառայությունների մատուցման պայմանագիր) կնքելու և նրա աշխատանքն օգտագործելու` լիազորված մարմնի կողմից օտարերկրացի աշխատողին տրված աշխատանքի թույլտվության հիման վրա:

3. Ո՞ր մարմինն է օտաերկրացուն տրամադրելու  աշխատանքի թույլտվություն

 Այդ մարմինը դեռևս որոշված չէ և կսահմանվի ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշմամբ:

4. Լիազոր մարմինը ի՞նչ սկզբունքով է տրամադրելու աշխատանքի թույլտվություն:

 Օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելիս հաշվի է առնելու Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքները և զարգացումները: Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքների գնահատման համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իր մոտ առկա թափուր աշխատատեղը  համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից: Սահմանված ժամկետում զբաղվածության հանրապետական ծառայությունների կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության դեպքում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտաերկրացու և դիմել լիազորված մարմին` կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի  թույլտվության տրամադրման համար` ներկայացնելով ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված փաստաթղթերը:

5. Որքա՞ն ժամկետով  է տրվելու աշխատանքի է թույլտվությունը:

 Օտարեկրացուն աշխատանքի թույլտվությունը տրվելու է գործատուի դիմած կոնկրետ ժամկետով:

6. Ովքե՞ր կարող են աշխատել ՀՀ գործատուի մոտ առանց աշխատանքի թույլտվության:

 Առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում մշտական և հատուկ կացության կարգավիճակ ունեցողները,

բ) առանձին հիմքերով ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով,

գ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների և դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամները` փոխադարձության սկղբունքի հիման վրա,

դ) մերձսահմանային շրջանների աշխատողները, ինչպես նաև կարճ ժամկետով ժամանող մշակույթային և սպորտային մասնագիտություն ունեցող անձինք,

ե)օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների հիմնադիրները, տնօրենները կամ լիազորված ներկայացուցիչները,

զ)օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունների աշխատակիցները` Հայաստանի Հանրապետությունում տեղակայված այդ կազմակերպությունների ներկայացուցչություններում աշխատելու նպատակով,

է) օտարերկրյա առևտրային կազմակերպության կողմից իր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն առաքվող կամ օտարերկրյա առևտրային կազմակերպություններից գնված մեքենաները, սարքավորումները, հաստոցները դիտարկելու, վերանորոգելու և դրանք շահագործելու համար աշխատողներին որակավորելու նպատակով 6 ամսից ոչ ավել ժամկետով ժամանող օտարերկրյա մասնագետները,

ը) ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող կամ այլ անձինք,

թ) ուսումնական հաստատություններում դասախոսություններ կարդալու նպատակով հրավիրված օտարերկրյա ուսումնական հաստատությունների դասախոսները,

ժ) լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հավատարվագրված ներկայացուցիչները,

ժա) փախստականի կարգավիճակ ունեցող, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան ստացած օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով,

ժբ) համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա արձակուրդների ժամանակ աշխատանքային փոխանակումների շրջանակներում աշխատանք կատարող ուսանողները:

7. Տարածվու՞մ է արդյոք ՀՀ աշխատանաքային օրենսդրությունը օտարեկրյա գործատուների և ՀՀ-ում մշտապես չբնակվող աշխատողների վրա:

 «ՀՀ աշխատանաքային օրենսգրքի» համաձայն` ՀՀ աշխատանքային օրենսդրությունը և այլ նորմատիվ իրավական ակտերը չեն տարածվում օտարերկրյա գործատուների և Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող աշխատողների միջև ծագած աշխանքային հարաբերությունների վրա, անկախ այն հանգամանքից, որ աշխատողները գործատուի հանձնարարությամբ աշխատանք են կատարում Հայաստանի Հանրապետությունում:

8. Կա՞ արդյոք ՀՀ-ում գործունեության ոլորտների սահմանափակում օտարերկրացիների համար:

 Օտարերկրացիները ՀՀ-ում չեն կարող զբաղվել ընտրովի, քաղաքական/համայնքային, դատական/դատավոր, դատախազ/, պաշտոններ, աշխատել զինված ուժերում: