ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Օտարերկրացիների կացությունը

1. Քանի՞ կացության կարգավիճակներ կան ՀՀ-ում օտարերկրացիների համար:

 Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների համար սահմանվում են կացության հետևյալ կարգավիճակները`

ա) ժամանակավոր,

բ) մշտական,

գ) հատուկ:

2. Որո՞նք են կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում:

 Հայաստանի Հանրապետության ժամանակավոր, մշտական և հատուկ կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը և հատուկ անձնագիրը, որոնց ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ու՞մ է տրվում ժամանակավոր կացության կարգավիճակ:

 Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն ՀՀ տարածքում մեկ տարի և ավելի ժամկետով իր բնակվելը հիմնավորող հետևյալ հանգամանքներից որևէ մեկը`

ա) ուսումը, կամ

բ)  աշխատանքի թույլտվության առկայությունը, կամ

գ) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելը, կամ

դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը, կամ

ե) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը,

զ) ազգությամբ հայ լինելը:

4. Որքա՞ն ժամանակով է տրվում և երկարաձգվում ժամանակավոր կացության կարգավիճակը:

 Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչև 1 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

5. Ժամանակավոր կարգավիճակ ձեռք բերած օտարերկրացի ամուսինը Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու հետ ամուսնությունը լուծելու կամ անվավեր ճանաչելու դեպքում կարո՞ղ է դիմել ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումով:

 Այո, եթե նա ամուսնության մեջ է գտնվել և Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվել է առնվազն մեկ տարի:

6. Ու՞մ է տրվում մշտական կացության կարգավիճակ:

 Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա՝

ա) ապացուցում է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) առկայությունը, Հայաստանի Հանրապետությունում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ

բ) ազգությամբ հայ է կամ Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն:

7. Որքա՞ն ժամանակով է տրվում և երկարաձգվում մշտական կացության կարգավիճակը:

 Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:

8. Ու՞մ է տրվում հատուկ կացության կարգավիճակ:

 Հատուկ կացության կարգավիճակը տրվում է ազգությամբ հայ օտարերկրացիներին:

 Կարող է տրվել նաև ՀՀ-ում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների:      

9. Որքա՞ն ժամանակով է տրվում և երկարաձգվում հատուկ կացության կարգավիճակը:

 Հատուկ կացության կարգավիճակը տրվում է տասը տարի ժամկետով: Այն կարող է տրվել մեկից ավելի անգամ:

10. Ո՞ր մարմին (մարմիններ) են ներկայացվում  կացության կարգավիճակներ ստանալու համար  դիմումները:

 Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը ներկայացվում է ՀՀ ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին (ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն):

 Հատուկ կացության կարգավիճակ uտանալու համար դիմումը ՀՀ տարածքում ներկայացվում է ՀՀ ոuտիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին (ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն), իuկ oտարերկրյա պետությունում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոuական հիմնարկ:

11. Ո՞ր մարմինն է կայացնում ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշումը և որքա՞ն ժամկետում:

 Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ տալու կամ մերժելու մասին որոշում կայացնում է ՀՀ ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը՝ դիմումը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում:

12. Ո՞վ է կայացնում հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշումը, և ենթակա՞ է արդյոք այն  բողոքարկման:

 Հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշումը կայացնում է ՀՀ Նախագահը: Այդ որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

13. Ո՞ր մարմինն է իրականացնում  կացության կարգավիճակ ունեցող անձանց հաշվառումը:

 Կացության կարգավիճակ ունեցող անձանց հաշվառումն իրականացնում է ՀՀ ոuտիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը` ՀՀ կառավարության uահմանած կարգով:

14. Օտարերկրացին ի՞նչ կարգով կարող է բողոքարկել կացության կարգավիճակ ստանալու դիմումի մերժումը:

 Բացառությամբ հատուկ կարգավիճակի, կացության կարգավիճակ ստանալու կամ երկարաձգելու համար ներկայացված դիմումի մերժումը օտարերկրացին կարող է բողոքարկել դատական կարգով:

15. Կացության կարգավիճակ ստանալու դիմումի մերժման դեպքում որքա՞ն ժամանակ անց օտարերկրացին կրկին կարող է դիմել կացության  կարգավիճակ ստանալու համար:

 Կացության կարգավիճակ տալը մերժելու դեպքում օտարերկրացին մեկ տարի հետո կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար, ինչի մասին նշում է կատարվում մերժման մասին որոշման մեջ: