ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Օտարերկրացիների մուտքը Հայաստան

1. Ո՞ր դեպքում օտարերկրյա քաղաքացին իրավունք ունի մուտք գործել Հայաստան:

 Օտարերկրյա քաղաքացին կարող է մուտք գործել Հայաստան վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հաստատող փաստաթղթի հիման վրա և սահմանային հսկողությունն իրականացնող մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով:

2. Մինչև 18 տարեկան օտարերկրացիները ո՞ր դեպքերում կարող են մուտք գործել Հայաստան:

 Մինչև 18 տարեկան օտարերկրացիները կարող են մուտք գործել Հայաստան իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի կամ ուղեկցողի հետ միասին կամ միայնակ, եթե գալիս են Հայաստան իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն:

3. Ո՞ր դեպքերում է արգելվում օտարերկրացիների մուտքը Հայաստան:

 Առանց անձնագրի, դրան փոխարինող փաստաթղթի կամ անվավեր անձնագրով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի մերժում ստացած կամ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած օտարերկրացիների  մուտքը չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածք, և հնարավորության դեպքում նրանք անմիջապես վերադարձվում են իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են, նույն փոխադրողի տրանսպորտային միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք Հայաստան են ժամանել ապաստանի իրավունք հայցելու նպատակով:

4. Ո՞ր դեպքերում չի արգելվում առանց փաստաթղթերի սահմանի անցման կետ ժամանած օտարերկրացիների մուտքը Հայաստան:

 Առանց փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած օտարերկրացիների մուտքը Հայաստանի  Հանրապետության տարածք չի արգելվում, եթե նրանք ժամանել են ապաստանի իրավունք հայցելու նպատակով: 

5. Որքա՞ն ժամանակ կարող է առանց մուտքի վիզայի Հայաստան ժամանելու իրավունք ունեցող օտարերկրացին Հայաստանում գտնվել:

 Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է Հայաստան ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, Հայաստանում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով, մեկ տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:

6. Ո՞ր պետությունների  քաղաքացիները Հայաստան մուտքի վիզա ստանալու համար կարող  են  դիմել  միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին և հյուպատոսական հիմնարկներին  և միայն հրավերի  հիման  վրա:

 Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա: Այդ  ցանկին  կարելի է ծանոթանալ  այստեղ` http://mfa.am/u_files/file/consulate/Visa/Invitation%20Only%20-%20Arm.pdf:

 Այդ  ցանկում  նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի: Ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Ո՞ր դեպքերում է օտարերկրացուն ՀՀ մուտքի վիզա տրամադրելը (ժամկետի երկարաձգելը) մերժվում, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչվում:

1. Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե՝

ա) նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից, և արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի,

բ) նա սույն օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է մեկ տարի,

գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝

- վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,

- իրականացնել ահաբեկչական գործունեություն,

- սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ

- իրականացրել է մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ,

դ) նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն՝ նման հիվանդությունը բուժելու նպատակով: Այդ վարակիչ հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

ե) նա մուտքի թույլտվություն հայցելիս ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա մուտքը կամ գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը, կամ

զ) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ:

2. Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) կարող է մերժվել, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչվել կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել, եթե նա դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ մարվել:

8. Հայաստան մուտքի վիզա ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում:

 Հայաստան մուտքի վիզա ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել`

1) անձնագիր կամ անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ,

2) N 1 ձևի դիմում-հարցաթերթիկ, որը լրացվում է անգլերենով կամ հայերենով,

3) 35 x 45 մմ չափսի գունավոր լուսանկար, իսկ ՀՀ սահմանի անցման կետերում՝ օտարերկրացու անձնագրի պատճենը,

4) հրավերի հիման վրա Հայաստան այցելելու դեպքում` նաև հրավերը հավաստող համապատասխան փաստաթուղթ,

5) մինչև 18 տարեկան օտարերկրացին` նաև այցելությունը հավաստող փաստաթուղթ (ծնողների, ծնողներից որևէ մեկի կամ օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված դիմում կամ ընդունող կազմակերպության կողմից ներկայացված միջնորդագիր),

6) պետական տուրքի վճարման անդորրագիր:

9. Որո՞նք են Հայաստան մուտքի վիզայի տեսակները: 

 Հայաստան մուտքի վիզայի տեսակներն են`

ա) այցելության մուտքի վիզա` հարազատներին այցելելու, զբոսաշրջության,  կրթական հաստատություններում ուսանելու, տարբեր միջոցառումներին մասնակցելու նպատակով այցելության համար,

բ) պաշտոնական մուտքի վիզա` պաշտոնական (ծառայողական) անձնագիր կրող անձանց կամ սովորական անձնագրերով պաշտոնական պատվիրակությունների անդամների համար,

գ) դիվանագիտական մուտքի վիզա` դիվանագիտական անձնագիր կրող կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձանց համար,

դ) տարանցիկ մուտքի վիզա` Հայաստանի տարածքով երթևեկողների համար:

10. Ովքե՞ր կարող են օտարերկրացուն Հայաստան այցելելու հրավեր տալ:

 Օտարերկրացուն Հայաստան այցելելու հրավեր կարող են տալ`

ա) Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացին,

բ) Հայաստանում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին,

գ) Հայաստանում գրանցված իրավաբանական անձինք,

դ) ՀՀ պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները և միջազգային կազմակերպությունները:

 Հրավերը պետք է պարունակի հրավիրվողի և հրավիրողի տվյալները, հրավերի նպատակը, հրավիրվողի` Հայաստանում մնալու ժամկետները: