ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պայքար անօրինական միգրացիայի դեմ

  Ընդհանուր տեղեկություններ անօրինական միգրացիայի վերաբերյալ

 

 Անձի ազատ տեղաշարժի իրավունքը համարվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը:

 1948թ. ընդունված «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 13-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի տվյալ պետության սահմաններում ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած՝ այդ թվում սեփական երկրից մեկնելու և իր երկիրը վերադանալու իրավունք»: Իսկ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950թ. եվրոպական կոնվենցիան կոնկրետացնում է հիշյալ իրավունքի իրականացման շրջանակները: Այսպես. տվյալ պետության սահմաններում ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունքը վերապահվում է միայն այն անձին, որն «օրինական հիմքերով է գտնվում որևէ պետության տարածքում», սահմանվում են այն հիմքերը, որոնց առկայությամբ կարող է արդարացվել տեղաշարժի ազատության իրավունքի սահմանափակումը:

 Հարկ է նշել, որ տեղաշարժի ազատությունը չի ներառում կամայական ընտրությամբ որևէ երկիր մուտք գործելու ընդհանուր, համընդհանուր իրավունք, չնայած դա տեղաշարժի ազատության իրավունքի հենց այն բացակայող բաղադրիչն է, որը մարդիկ շատ հաճախ ցանկանում են ունենալ: Բացի այդ, ընդունված միջազգային նորմերի համաձայն, օտարեկրացուն մուտքի իրավունքի տրամադրումը համարվում է տվյալ երկրի ինքնիշխան իրավունքներից մեկը, և այն օտարերկրացիները, որոնք, տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կանոնները խախտելով, մուտք են գործում կամ գտնվում (բնակվում են) այնտեղ, համարվում են անօրինական միգրանտներ:

 Անօրինական միգրանտի կարգավիճակում անձը կարող է հայտնվել թե՛ անօրինական ճանապարհով երկիր մուտք գործելու (մուտք առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի, կեղծ փաստաթղթերի ներկայացում, մուտք  երկիր  ոչ սահմանային անցակետերով և այլն), և թե՛ օրինական ճանապարհով երկիր մուտք գործելու, սակայն թույլատրելի ժամկետից ավելի մնալու պարագայում:

Անկանոն միգրանտ համարվող օտարերկրացին իրավունք չունի զբաղվելու  աշխատանքային գործունեությամբ:

Իսկ ինչպե՞ս օրինական կարգով մուտք գործել և գտնվել (բնակվել) այլ երկրներում:

Դա հնարավոր է հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության պարագայում`

  • ընտանիքի  վերամիավորում
  • կրթություն
  • աշխատանք
  • ապաստան

Ընտանիքի վերամիավորում

Տվյալ պետությունում օրինական բնակվող անձի ընտանիքի անդամները կարող են ժամանել  այդ  երկիր` իրենց հարազատի հետ բնակվելու նպատակով: Այս  դեպքում որպես ընտանիքի  անդամներ դիտարկվում են կինը/ամուսինը, անչափահաս երեխաները, խնամքի տակ գտնվող ծնողները:

Կրթություն

Տվյալ պետության որևէ ուսումնական հաստատություն ընդունված անձը կարող է մուտք  գորրծել և բնակվել այդ երկրում ուսանելու ժամանակահատվածում: Սակայն  նրա  մուտքը  կթույլատրվի  միայն  այն պարագայում, եթե  լինի  հավաստիացում, որ  նա կարող է վճարել (ինքը կամ որևէ հիմնադրամ կամ երրորդ անձ) իր ուսման և կեցության հետ կապված  բոլոր  ծախսերը:  

Աշխատանք

Այս  դեպքում  անձի  մուտքը  թույլատրվում  է  տվյալ  երկրում  աշխատելու  թույլտվություն և  գործատուի հետ աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում: Որպես կանոն նման   հնարավորություն է տրամադրվում բարձր որակավորում ունեցող մասնագետներին: Միաժամանակ երկրների մեծամասնությունն անգամ նրանց դեպքում սահմանում են մուտքի  բավականին բարձր չափանիշներ` համապատասխան կրթություն,  բավարար  աշխատանքային  ստաժ և փորձառություն, օտար լեզվի գերազանց իմացություն, իրենց երկրում կնքված  աշխատանքային պայմանագրով սահմանված տարեկան վարձատրության բավականին բարձր   չափ և այլն:

Ապաստան հայցողներ

Այլ երկրներում ապաստան փնտրելու և ստանալու իրավունքն ամրագրված է ինչպես միջազգային իրավական փաստաթղթերում /Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, «Փախստականների մասին» 1951թ. ժնևյան կոնվենցիա/, այնպես էլ մի շարք պետությունների սահմանադրություններում և օրենքներում: Ապաստանի տրամադրումը ենթադրում է պաշտպանություն ետ վերադարձվելուց /«non-refoulerment» սկզբունք/ և տվյալ երկրի տարածքում մնալու հնարավորություն այնքան ժամանակ, որքան որ պաշտպանության կարիք կա: Այլ կերպ ասած, մինչև տվյալ երկրի սահմանային կետ հասած և այդ երկրից ապաստան հայցող անձին թույլատրվում է մուտք գործել երկիր և այնտեղ մնալ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ բացասական որոշում չի կայացվել նրա հայցի վերաբերյալ:  Որոշ երկրներ ապաստանի հայցադիմումներ են ընդունում նաև արդեն իրենց երկիր մուտք գործած և այնտեղ անօրինական բնակվող օտարերկրացիներից, ինչը վերջիններիս կողմից դիտվում է որպես իրենց անօրինական վիճակը օրինականացնելու լավ հնարավորություն:       

 Զարգացող երկրների,  այդ  թվում  և  Հայաստանի  հազարավոր քաղաքացիներ,  փորձում են օգտագործել այս ճանապարհը՝ բարեկեցիկ արևմտյան երկրներում հայտնվելու նպատակով: Սակայն  պետք  է  հաշվի  առնել,  որ  անձին ապաստան է տրամադրվում միայն այն դեպքերում, երբ նա «ըստ ռասսայական, կրոնական, ազգային, որոշակի սոցիալական խմբի պատկանելիության կամ քաղաքական համոզմունքների համար հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառով գտնվում է իր քաղաքացիության պատկանելիության պետությունից դուրս և չի կարող կամ չի կամենում օգտվել այդ պետության պաշտպանությունից կամ չունենալով որևէ պետության քաղաքացիություն և գտնվելով իր նախկին հիմնական բնակության վայրի պետությունից դուրս՝ չի կարող կամ չի կամենում վերադառնալ այդ պետություն կամ եթե անձը միաժամանակ մի քանի պետության քաղաքացի է, սակայն երկյուղ ունի, որ չի կարող օգտվել այդ պետություններից որևէ մեկի պաշտպանությունից»:

 Բնականաբար, ապաստանի հայցով դիմողների գերակշիռ մեծամասնությունը չի համապատասխանում վերոհիշյալ պահանջներին, հետևաբար նրանց կացությունը երկրում դիտվում է անօրինական և դրվում է նրանց իրենց երկիր վերադարձի խնդիրը: Եթե 90-ական  թվականների  սկզբին` ԽՍՀՄ փլուզւոմից հետո,  արևմտյան  պետություններն  այնքան  էլ  լավ պատկերացում չունեին  Հայաստանի և այնտեղ տիրող իրավիճակի մասին,  ապա  ներկայումս  իրավիճակը փոխվել է. Հայաստանը դիտարկվում է որպես ապահով երկիր, որի  քաղաքացիներն այլ  երկրներից  պաշտպանություն հայցելու հիմքեր չունեն:

 Ապաստան հայցողների  մեծ  թվի պատճառով հաճախ հայցի  դիտարկումը  տևում  է տարիներ, իսկ  ապաաստանի վերաբերյալ  օրենսդրությունը հնարավորություն է տալիս բողոքարկել  ապաստանի մերժման վճիռը, ինչը նույնպես երկարատև գործընթաց է: Արդյունքում, այդ  ամբողջ` հայցի դիտարկման և բողոքարկման ընթացքում, ապաստան հայցող մեր  քաղաքացիները մի  քանի տարի  բնակվում  են  այդ   երկրում,  և  տպավորություն  է  ստեղծվում, թե նրանք այնտեղ հաստատվել և բնակվում են օրինական հիմունքներով: Սակայն դա  մոլորություն է: Ի վերջո, նրանք  բոլորը վերադարձվում են (կամավոր կամ հարկադիր կերպով) իրենց երկիր: Դրա վառ օրինակն է այս ընտանիքի պատմությունը՝ http://news.am/arm/news/85794.html: